ՀՀ ՍԴ-ն այսօր քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը | Region

ՀՀ ՍԴ-ն այսօր քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը

Սեպտեմբեր 24,2024 12:15

Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:

Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես ավելի վաղ հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն,  ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Կանոնակարգում նշվում է, որ այս գործընթացը հնարավոր է խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո այլ սկզբունքներով ընթանա։

Սեպտեմբերի 5–ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը։ Նույն օրը փաստաթուղթը ուղարկվեց Սահմանադրական դատարան։

Եթե ՍԴ-ն որոշի, որ փաստաթուղթը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, ապա փաստաթուղթը կուղարկվի ԱԺ՝ վավերացման:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց՝ եթե մի բան պետք է վավերացվի՝ չի կարող չգալ Սահմանադրական դատարան․« Եթե կա մեկ միջազգային պայմանագիր, որը պետք է  վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն այն Հայաստանի համար իրավական ուժ չունի»։

Լրագրողների դիտարկմանը, թե տեսակետներ կան, որ կանոնակարգը հակասում է Հայաստանի շահերին, ՍԴ նախագահն ասաց՝բարձր դատարանը հենց դրա համար է հավաքվել․«Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ»

Դիլանյանն ասաց, որ այսօր կընթանա դատաքննությունը, ապա դատավորները  կգնան խորհրդակցությունների սենյակ, իսկ որոշ ժամանակ անց որոշումը կհրապարակվի․«Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք, խնդիրը կարձանագրվի: Եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածեք, ասելու ենք՝ խնդիր չկա»։

Դիտարկմանը՝ Կիրանցի հատվածում սահմանազատում իրականացվեց առանց ՍԴ-ի կողմից կանոնակարգի մասին եզրակացության, տեսակետներ հնչեցին, որ այդ սահմանազատումն անօրինական է, ՍԴ նախագահը խուսափեց գնահատական տալ․«Սպասենք, երբ այդ հարցը գա Սահմանադրական դատարան, այդ ժամանակ մենք մեր կարծիքը կասենք»։

Նորություններ