Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից պետբյուջե է վերականգնել 288.824.465 դրամ | Region

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից պետբյուջե է վերականգնել 288.824.465 դրամ

Սեպտեմբեր 25,2024 16:17

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը:

«ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից ուսումնասիրության են ենթարկվել ՍՊ ընկերության կողմից ՀՀ տարածք ներմուծված, ծխախոտի արտադրության մեջ կիրառվող ապրանքների տեսակները և քանակները, որոնք համադրվել են ընկերության կողմից արտադրված և իրացված ծխախոտի արտադրանքի քանակի հետ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ՍՊ ընկերության կողմից ներմուծված հումքի արդյունքում ստացվող արտադրանքի և հայտարարագրված արտադրանքի իրացման քանակների մեջ առկա են էական շեղումներ։

Կատարված նախնական հաշվարկի համաձայն` ՍՊ ընկերության կողմից թերհայտարարագրվել է ծխախոտի մասով իրացման շրջանառությունը, որի արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ։

Իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է ծխախոտ արտադրող ընկերության կողմից առանց համապատասխան հարկային հաշիվների ծխախոտի իրացման և դրա արդյունքում իրացման շրջանառության թերհայտարարագրման հանգամանքը, ինչպես նաև՝ չհաշվարկված հարկային պարտավորության չափը, և ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 288.824.465 ՀՀ դրամ։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նորություններ