Հակամարտությունից տուժած և ՀՀ-ում բնակություն հաստատված ավելի քան 25,000 անձ դրամական միջոցներ կստանա․ ծրագիրն իրականացվում է Գերմանիայի աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունն այսօր հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) Արտաքին գործերի գերատեսչության կողմից տրամադրվող նոր՝ 2,9 միլիոն եվրո արժողությամբ աջակցության մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2023 թվականի մարդասիրական արձագանքման գործողությունների կոչի շրջանակում, որը կազմակերպությանը հնարավորություն կտա ընդլայնելու Հայաստանում փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունը մինչև 2026 թվականի սեպտեմբեր:
ԳԴՀ-ի ներդրումը կօգնի հակամարտությունից տուժած և ՀՀ-ում բնակություն հաստատված ավելի քան 25,000 անձանց՝ ստանալու մարդասիրական կարիքահենք դրամական միջոցներ, օգտվելու դեպքի վարման, ինչպես նաև հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայություններից: Բացի այդ՝ շուրջ 100,000 անձ հոգեկան առողջության և հոգեսոցիալական բարեկեցության վերաբերյալ հաղորդագրություններ կստանա առցանց հարթակներով:
Ծրագրային միջոցառումների մեկնարկից առաջ Գերմանիայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակությունը նաև այցելել է Մասիսում գործող՝ երեխաների համար անվտանգ վայր, որը հիմնվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից: Պատվիրակությունը գլխավորում էր Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Կոնրադ Արզ ֆոն Շտրաուսենբուրգը ՀՀ-ում Գերմանիայի Հանրապետության Դաշնության դեսպան Ն.Գ Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ։ Գործընկերները հնարավորություն ունեցան շփվելու համայնքային սոցիալական աշխատողների հետ, որոնք աջակցել են նաև փախստական ընտանիքներին և տրամադրել մասնագիտացված աջակցության և դեպքի վարման ծառայություններ:
«Գերմանիան լավատեղյակ է, թե ինչ շարունակական մարտահրավերների է բախվում Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 115 հազար փախստականների կարիքները հոգալու համար։ Հետևաբար մենք ընդլայնում ենք երկրում փախստականների կարիքներին արձագանքման նպատակով մեր ֆինանսավորումը: Մեր հիմնական նպատակն է աջակցել ամենախոցելի փախստականներին, որոնք ստիպված են եղել թողնել ամեն ինչ: Մենք օգնություն ենք տրամադրում նաև հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, ընտանիքներին, միայնակ ծնողներին, հատկապես հեռավոր և գյուղական համայնքներում։ Մեր դրամական օգնությունը, հոգեկան առողջության/հոգեսոցիալական աջակցությունը և ներառական կացարանների տրամադրումը դեռևս Հայաստանում մեծ պահանջ ունեն:
Մենք ցանկանում ենք նաև թեթևացնել հյուրընկալող համայնքների բեռը: Հետևաբար շատ միջոցառումներ, օրինակ՝ սոցիալական հաստատությունների հիմնանորոգումը, իրականացվելու է այնպես, որ դրանք օգտակար լինեն նաև ամբողջ համայնքի համար»,- ընդգծեց Կոնրադ Արզ ֆոն Շտրաուսենբուրգն իր այցելության ընթացքում:
«Գերմանիայի այս ներդրումը ՅՈՒՆԻՍԵՖ-ին հնարավորություն կտա իր գործընկերների հետ համատեղ իրականացնելու դրամական աջակցության և խնամքի միջոցառումներ՝ տուժած երեխաների և նրանց ընտանիքների հրատապ կարիքներին արձագանքելու համար՝ սերտորեն համագործակցելով սոցիալական և երեխաների պաշտպանության տեղական կառույցների հետ,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին: Նշելով Հայաստանում փախստականների ճգնաժամին մարդասիրական արձագանքման գործողությունների մեկ տարին՝ կարևոր է հիշել, որ երկարաժամկետ վերականգնումը կախված է տուժած երեխաների ապաքինումից, այդ թվում՝ հյուրընկալող համայնքներին աջակցություն տրամադրելուց՝ սահմանափակ ռեսուրսներով աճող կարիքները բավարարելու նպատակով։
Փոխկապակցված միջամտությունները կիրականացվեն նախ փախստական երեխաների և նրանց ընտանիքների, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների առկա կարիքների գնահատմամբ, ինչը կօգնի բացահայտելու և ուղղելու աջակցությունն այնտեղ, որտեղ այն առավել անհրաժեշտ է: Համագործակցելով պետական և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կվերապատրաստի սոցիալական ծառայության աշխատողներին, այդ թվում առաջնային օղակի մասնագետներին տուժած բնակչության շրջանում դեպքի վարման աջակցության վերաբերյալ՝ կարիքների բացահայտումից մինչև, բռնությունից, չարաշահումից և վնասակար պրակտիկաներից պաշտպանություն, ինչպես նաև ընտանիքների բաժանման կանխարգելում:
Սոցիալական աշխատողներին կտրամադրվեն միջոցներ, այդ թվում՝ իրազեկման նյութեր տնային այցելությունների համար՝ բացահայտելու և գնահատելու երեխաների կարիքները և անհրաժեշտության դեպքում նրանց սոցիալական այլ ծառայություններ ուղղորդելու համար: Ֆինանսական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին հրատապ կարիքները հոգալու համար կտրամադրվի բազմագործառույթ դրամական օգնություն՝ կառավարության դրամական աջակցության ծրագրին համապատասխան:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները նաև աջակցություն կցուցաբերեն ծնողավարման և հոգեկան առողջության ու հոգեսոցիալական խնամքի կարիք ունեցող ընտանիքներին՝ հարմարեցված խմբային և անհատական պարապմունքների, ապացուցահենք տեղեկատվության տրամադրման և իրազեկվածության բարձրացման միջոցով՝ անցանց և առցանց՝ ապահովելու բարելավված հոգեբանական բարեկեցություն և ընտանեկան միջավայր:
2024-2025 թթ-ին մարդասիրական արձագանքման գործողությունների համար ԳԴՀ-ն տրամադրելու է գրեթե 5 մլն. եվրո իր գործընկեր կազմակերպություններին՝ 2,9 մլն. եվրո ՅՈՒՆԻՍԵՖ-ին և 1,9 մլն. եվրո «Sign of Hope» հասարակական կազմակերպությանը:
ԳԴՀ-ն նաև ֆինանսավորում է հիմնավոր աջակցություն: Ներկայումս, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ-ի) կողմից իրականացվող զարգացման գծով համագործակցության բոլոր ծրագրերը միտված են փախստական բնակչության ինտեգրմանը, հատկապես երբ խոսքը վերաբերում է եկամուտ ստեղծող միջոցառումներին: Ավելին, ԳԴՀ-ն տրամադրում է 3.5 միլիոն եվրո դրամական աջակցություն՝ նախատեսված հյուրընկալող համայնքների համար՝ փախստականների սոցիալական իտեգրացման համատեքստում, ինչպես նաև 6 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ տարածաշրջանային ծրագիր, որը կենտրոնացած է կանանց բարեկեցության վրա:
ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան