2016 թվականի օգոստոսից բանակցությունների սեղանին դրված «փոխզիջումները» եղել է հետևյալի մասին՝ Հայաստանի Հանրապետություն պետք է գոյություն չունենա․Փաշինյան
Այն «փոխզիջումները», որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունը եղել է հետևյալի մասին, որ Հայաստանի Հանրապետություն պետք է գոյություն չունենա։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի՝ նախկիոնում առաջ արած հայտարարությունը․«Չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիեւը ատամները սրած ամեն օր լկտիաբար հոխորտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին: Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ, իսկ Ալիեւի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին նշանակում է խոսել ՀՀ եւ ԼՂՀ-ի կապիտուլյացիայի մասին»։
Ի պատասխան Փաշինյանն ասաց․«Եթե դուք ուշադիր եք եղել, ես այս ամբիոնից, հրապարակային, նաեւ Քննիչ հանձնաժողովում խնդրին անդրադարձել եմ 1996 թվականից սկսած գործընթացներից: Երբ ձեր գործընկերը ցիտում էր ինձ եւ ասում ՝ սա էսօրվա խոսակցության նյութ չի: Այո, ինչ ես այդտեղ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, եւ այսօր էլ եմ ասում։ Եւ դա է պատճառը, որ գործնականում էդ պրոցեսները, փոխզիջումները տեղի չեն ունեցել, ինչը հանգեցրել է պատերազմի: Հարցի էությունն այն է, որ ես այս ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ՝ Ղարաբաղի հարցը իր էության մեջ թոկի ձևով Հայաստանի վզին գցած՝ պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ, և այն փոխզիջումները, որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, եղել են հետևյալի մասին, որ ՀՀ-ն չպետք է գոյություն ունենա, Հայաստանի վզից գցած պարանը պետք է ձգել ու մի մոտիկ տեղից կապել»։
Փաշինյանը նաեւ անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովներին․«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստեղծում է հնարավորություն, որպեսզի իրավական, դիվանագիտական, բանակցային ճանապարհով լուծվի ՀՀ օկուպացված տարածքները վերադարձնելու խնդիրը»։