«Անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար». Բագրատ Սրբազան | Region

«Անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար». Բագրատ Սրբազան

Հոկտեմբեր 02,2024 20:51

«Մեր դիմաց ծանր իրադարձություններ ու սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման դիվական նոր պլանավորումներ»: Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Այս պայքարի բովանդակությունը կեղծիքի ու արդարության, ստի ու ճշմարտության մասին է, որի ակունքներում ես կանգնել եմ բարձրագույն պատասխանատվությամբ։ Չեմ նստել ու սպասել, որ իմ փոխարեն ուրիշը պետք է գործի, վերլուծություններ չեմ արել ու այդպես ինքնաբավարարվել, չեմ քննադատել ուրիշներին, ովքեր պայքարել են և վերջում որոշել, որ հիասթափված են, քաղաքականություն չեմ խաղացել ու քաղաքական գործիչ լինելու հավակնություն ստանձնել, չեմ փորձել դիվիդենտներ քաղել՝ փորձելով մաքուր նկարագրով մնալ»,-նշեց նա։

Սրբազանը գործարարներին դիմեց ՝ հորդորելով չվախենալ նյութական որևէ կորստից, միանալ իրենց եւ կասեցնել հայրենիքը դեպի կործանում տանող թափանիվը: «Այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ և հետևողական։ Եվ դարձյալ պետք է կրկնեմ՝ մի մտածեք հնարավորի ու անհնարի մասին, մտածեք ու գործեք անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Անհրաժեշտ է այս պայքարը, անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար, ու սա պետք է հասնի բոլորի մտքին»,–ընդգծեց Սրբազանը։

Նորություններ