Իսկենդերլիի սպանությունը Իլհամ Ալիևի անձնական վրեժն է․ասում են ադրբեջանցի վտարանդի գործիչները | Region

Իսկենդերլիի սպանությունը Իլհամ Ալիևի անձնական վրեժն է․ասում են ադրբեջանցի վտարանդի գործիչները

Հոկտեմբեր 02,2024 21:45

Լուսանկարում ադրբեջանցի իրավապաշտպան Վիդադի Իսկենդերլին է․ © DR

Հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքի հիվանդանոցում մահացել է ադրբեջանցի նախկին դատախազ, իրավապաշտպան, քաղաքական վտարանդի և Իլհամ Ալիևի ռեժիմի քննադատ Վիդադի Իսկենդերլին: Սպանվածի եղբայրը՝ Օքթայ Իսկենդերլին  հայտնել է, որ սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան երեք անհայտ դիմակավորներ պատուհանից ներխուժել են նրա բնակարան և դանկով 24 հարված հասցրել ՝ 21-ը՝ որովայնի խոռոչին, մեկը՝ լյարդին, մեկ ուժեղ հարված թոքին և ևս մեկ հարված ծոծրակին: Իսկենդերլին կարողացել է դիմադրություն ցույց տալ և WhatsApp-ով զանգահարել է եղբորը, վերջինս էլ ոստիկանություն է կանչել, սակայն Վիդադի Իսկենդերլին մահացել է հիվանդանոցում՝ ստացած վնասվածքների հետեւանքով։

Օքթայ Իսկանդարլին եղբոր վրա հարձակումը կապում է նրա քաղաքական գործունեության հետ, նա քննադատում էր Ալիևի կառավարությանը: Ադրբեջանում Վիդադի Իսկենդերլին ղեկավարում էր «Ժողովրդավարության պաշտպանությանը աջակցություն» հասարակական կազմակերպությունը: 2010 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին որպես անկախ թեկնածու: 2011 թվականին ձերբակալվել է բողոքի ցույցի ժամանակ և դատապարտվել երեք տարվա ազատազրկման: Մեկ տարի անց ազատ է արձակվել Ալիևի ներման հրամանագրով: 2015 թվականին արտագաղթել է Ֆրանսիա և շարունակել քննադատել Ադրբեջանի կառավարությանը՝ YouTube-ի ալիքում համապատասխան տեսանյութեր տեղադրելով: Վիդադի Իսկենդերլին քաջատեղյակ էր, թե ինչ է  իրականում կատարվում Ադրբեջանի ներքին կյանքում, նա սոցիալական ցանցերում խիստ քննադատել է իշխանությանը։  Ծնողների գերեզմանների պղծման մասին սոցիալական ցանցերում տեսանյութի տարածվելուց հետո նա հաճախ վիրավորում էր իշխանություններին և էթիկապես ոչընդունելի արտահայտություններ անում Իլհամ Ալիևի հասցեին:

 Սպանվածի հարազատներն ու ծանոթները ողբերգությունը կապում են  նրա քաղաքական գործունեության հետ: Ստրասբուրգում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդի, լրագրող Գանիմաթ Զահիդովի կարծիքով՝ Իսկենդերլիի սպանությունը Իլհամ Ալիևի անձնական վրեժն է:

«Իսկենդերլին շատ կտրուկ հռետորաբանություն ուներ: Նա բացահայտ խոսում էր, վիրավորում էր իշխանություններին իր ելույթներում, ներառյալ՝ հենց Իլհամ Ալիևին: Բայց դա պատճառ չէ, որպեսզի պարզապես վերցնես ու սպանես մարդուն»,-նշել է Զահիդովը: Լրագրողը նաև պատմել է, որ Ադրբեջանում իր աղբյուրները դեռ երկու շաբաթ առաջ են հայտնել Եվրոպայում ադրբեջանցի ընդդիմադիրների դեմ պատրաստվող մահափորձերի մասին: Զահիդովը պնդում է, որ մահափորձերի պատվիրատուն Բաքվի բռնապետ Ալիևի ընտանիքն է, իսկ կազմակերպման մեջ ներգրավված են ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ:

Ֆեյսբուքյան իր էջում կոնֆլիկտաբան և քաղաքագետ Արիֆ Յունուսովը  գրել է․ «2017 թվականից Ադրբեջանի իշխանությունները արտասահմանում բնակվող քաղաքական վտարանդիների դեմ ահաբեկչական արշավ են սկսել: Այդ ժամանակից ի վեր 18 հարձակում է կատարվել»:

Ամիսներ առաջ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը կոչ էր արել «չեզոքացնել» Եվրոպայում բնակվող և Ալիևի ռեժիմի դեմ հանդես եկող ադրբեջանցիներին: Նա հայտարարել էր․«Պետության ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող օրենսդրությունը չի գործում: Ամեն օր մենք ականատես ենք լինում տարբեր տեղեկատվական ցանցերում նախագահի և նրա ընտանիքի դեմ համակարգված հարձակումների: Մենք պետք է ուժեղացնենք միջազգային օրենսդրության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները»:

Ամեն տարի Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներ փորձում են քաղաքական ապաստան ստանալ եվրոպական երկրներում: Տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողներ և իրավապաշտպաններ լքել են Ադրբեջանը, քանի որ իրենց երկրում վտանգավոր է դարձել շարունակել գործունեությունը։ Սակայն քաղաքական փախստականները մշտապես սպառնալիք են զգում նույնիսկ ապրելով Արևմուտքում: Իսկենդերլիի վրա հարձակումը Ալիևի ռեժիմի առաջին փորձը չէ անցանկալի անձանց հետ հաշիվներ մաքրելու:

2020-2022 թվականներին Ալիևին քննադատող բլոգերները հարձակման են ենթարկվել Ֆրանսիայում և Գերմանիայում:

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում վեց մարդ հարձակվել է Մահոմեդ Միրզալիի վրա, որը խիստ քննադատում է Ալիևների ընտանիքին և երկրի ղեկավարությանը, ինչպես նաև պատմում է Ադրբեջանում խոշտանգումների և մարդու իրավունքների իրավիճակի մասին:

Վերջին տարիներին Ալիևի բռնապետական ռեժիմը ձերբակալել, բազմիցս ծեծի է ենթարկել, առևանգել և սպառնացել արտերկրում բնակվող իր ընդդիմախոսներին: 2021 թվականին Ստամբուլում սպանվել է Բայրամ Մամեդովը,  Բելգիայում՝ Վուգար Ռեզան, իսկ Հուսեյն Բաքիխանովը՝ Թբիլիսիում: Մահափորձ է կատարվել նաև Օրխան Աղաևի, Օրդուհան Բաբիրովի և Գաբիլ Մամեդովի դեմ: Հարձակման զոհ է դարձել նաև Մեհրիբան և Իլհամ Ալիևներին իր քննադատությամբ հայտնի բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն:

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, բայց դրանք շատ ավելին են: Այսօր էլ շարունակվում են հարձակումները ադրբեջանցի լրագրողների և ակտիվիստների վրա: Հավանաբար, Բաքվում COP29 գագաթնաժողովի նախօրեին Վիդադի Իսկենդերլիի վրա հարձակումները տհաճ հետևանքներ կունենան։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ