Կառավարությունը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած տնտեսավարողներին աջակցության ծրագրի իրականացման համար կհատկացնի 300 մլն դրամ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացման հատկացնել 300 մլն դրամ: Միջոցառումն առաջարկվում է ավելացնել էկոնոմիկայի նախարարության «Գիտելիքահենք նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության» ծրագրում։ Շահառուների թիվը շուրջ150 է:
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսվարողների շրջանակը և պատճառված վնասներն այս ընթացքում գույքագրել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը: Տեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսվարողների ցանկերը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տնտեսվարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ՊԵԿ-ը, իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը՝ Քաղաքաշինության կոմիտեն: Ըստ նախարարի՝ առանձնացվել է տնտեսվարողների կրած վնասների երեք մակարդակ՝ ցածր, միջին և բարձր: