Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարան | Region

Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են Պատմության թանգարան

Հոկտեմբեր 09,2024 21:16
Հայաստանի պատմության թանգարանը ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին հյուրընկալեց Հայաստանում հավատարմագրված եվրոպական մի շարք երկրների դեսպանների։
Ինչպես հայտնում են Պատմության թանգարանից, հյուրերի թվում էին Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը, Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան, Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը։
Հյուրերը թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի գլխավորությամբ շրջայց կատարեցին Հայաստանի պատմության թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում՝ ծանոթանալով Բրիտանական թանգարանից ժամանակավոր Հայաստան բերված Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանից պահպանված գլխի և ձեռքի ցուցադրությանը՝ համադրված թանգարանի հարուստ հավաքածուից ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշի հետ։

Նորություններ