Ամիսներ տևած շրջափակումից հյուծված Արցախը պայքարել է հնարավոր բոլոր տարբերակներով. փորձագետ | Region

Ամիսներ տևած շրջափակումից հյուծված Արցախը պայքարել է հնարավոր բոլոր տարբերակներով. փորձագետ

Հոկտեմբեր 11,2024 12:30

Արցախի էթնիկ զտումից ու կորստից մեկ տարի անց պահեստազորի սպա, ռազմական փորձագետ Գրիգորի Սահակյանը հետահայաց ասում է՝  տեղի ունեցածը  թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ոլորտում մեղմ ասած թերացման հետևանք է. «Ընդ որում թերացել է ոչ միայն Արցախի գործող իշխանությունը, այլ նաև Հայաստանի: Մեծ դժբախտություն էր, որ չկարողացանք համախմբված պայքարել տեղի ունեցողը կանխելու համար»:

Ինչ վերաբերում է շահարկումներին, թե չեն պայքարել, զենքերը վայր են դրել ու հանձնվել, Սահակայանը նշեց՝  ամիսներ տևած շրջափակումից հյուծված Արցախը պայքարել է հնարավոր բոլոր տարբերակներով:

«Մեկօրյա պատերազմի ընթացքում մեզ հաջողվել է հակառակորդին հասցնել լուրջ վնաս:  Պետք է արձանագրենք, որ արցախցիները և Արցախի պաշտպանության բանակը կռիվ են տվել այնքան, որքան կարողացել են, իրենց առջև դրված խնդիրը կատարել են բավարար, որը հնարավորություն է տվել քաղաքական իշխանությանը պայմանագիր կնքել և ժողովրդին դուրս հանել»,- ընդգծեց Սահակյանը:

Փորձագետի խոսքով՝ Արցախ վերադառնալու հարցը պետք է միշտ պահել  օրակագում, թմբկահարել միջազգային հարթակներում. «Արցախի թեման չի կարող փակված լինել, թեմայի շուրջ պետք է շարունակել խոսակցությունը մինչև միջազգային ասպարեզում դրան իրավական լուծում տրվի»:

Նորություններ