Հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է․Վահե Ղազարյան
Վերջին 5 տարիներին Հայաստանում հանցավորության աճը միջինում կազմել է 11,1 տոկոս՝ կրճատվելով 0,7 տոկոսով, 2024 թվականի ութ ամիսներին արդեն իսկ արձանագրվել է հանցավորության թվի նվազում՝ 1070-ով կամ 4,2 տոկոսով՝ 25 637-ից 24 567 դեպք։
Այս մասին այսօր խորհրդարանում հրավիրված «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Նրա ներկայացմամբ՝ Հայաստանում վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 %, ինչը հիմնականում պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, դրանց իրացման, ինչպես նաև հանկարծամահությունների դեպքերով։
Ծանր հանցագործությունների աճը, ՆԳՆ տվյալներով, միջինում կազմել է 13,4 տոկոս, 2019-ին՝ 4490, 2020-ին՝ 4077, 2021-ին՝ 4407, 2022-ին՝ 5080, 2023-ին՝ 6116, ինչը հիմնականում պայմանավորված է խոշոր չափերի թմրամիջոցների իրացման, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքերի արձանագրմամբ։
Աճել են սպանության դեպքերը, հինգ տարվա կտրվածքով միջին աճը կազմել է 12,1 տոկոս, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության միջին աճը՝ 15,6 տոկոս է։
Ղազարյանի փոխանցմամբ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության միջին աճը կազմել է 46,6 տոկոս․ «Հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է»։
Նախարարի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ սպանությունների շուրջ 80 տոկոսը կատարվել է կենցաղային հողի վրա: Միևնույն ժամանակ, նվազել են գողությունների դեպքերը:
Ղազարյանը վստահեցրեց, որ հանցավորության աճի վրա որոշակի ազդեցություն են ունենում նաեւ հայտարարված համաներումները։
Նրա խոսքով՝ վերլուծությունը փաստում է, որ յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ․։օրինակ՝ 2018 թվականին հայտարարված համաներումից հետո 2019-2021 թվականերին համաներված 4976 անձից հետագայում հանցանք են կատարել 1152-ը։
Ներկայացնելով ճանապարհատրանպորտային պատահարների ցուցանիշները, նախարարն ասաց՝ 2024 թվականին հաշվառված շուրջ 935 հազար տրանսպորտային միջոցի պայմաններում՝ 8 ամիսների դրությամբ արձանագրվել է զոհերի թվի նվազում 35-ով։ Ընթացիկ տարում 325-ով նվազել է ինչպես ՃՏՊ-ների, այնպես էլ 380-ով նվազել է վիրավորների թիվը։