«Ժողովրդավարությունը» հաղթեց Նիկոլ Փաշինյանին | Region

«Ժողովրդավարությունը» հաղթեց Նիկոլ Փաշինյանին

Հունիս 14,2019 12:02

Նախորդ կիրակի Հայաստանի 23 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ամենաինտրիգայինն Աբովյան համայնքի ընտրություններն էին, որտեղ թեժ մրցապայքար էր ընթանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի և ԲՀԿ-ականների կողմից աջակցություն ստացած գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև: Հաղթեց գործող քաղաքապետը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ ու համակիրներ սկսեցին մեղադրել աբովյանցիներին, որ նրանք ընտրեցին քրեաօլիգարխիան, թալանն ու յուրացումները: Փաշինյանը մեղմեց գնահատականները. նա հայտարարեց՝ հաղթել է ժողովրդավարությունը:

Իշխող քաղաքական ուժի նախանշած «հաղթանակների» առումով Աբովյանը բացառություն չէր: «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց մյուս համայնքներում էլ:

«Այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, քաղաքացիներն իրավունք ունեն կատարելու իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Իհարկե, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ի տարբերություն համապետական ընտրությունների, Հայաստանի փոքր համայնքներում ընտրությունների ժամանակ կապերն ու ծանոթությունները միշտ են արդյունքների վրա էական ազդեցություն թողել: Հետևաբար, Ծառուկյանի գործոնը, օրինակ, Աբովյան քաղաքում անտեսել պետք չէր: Սակայն այն, որ «Քաղաքացիական պայմանագրին» մերժումը համընդհանուր կլինի, վստահաբար, չէին սպասում նաև իշխող ուժի ներկայացուցիչները:

Հետընտրական էյֆորիկ տրամադրություններով տոգորված՝ նախքան ընտրությունները ՔՊ ներկայացուցիչները հիշեցնում էին, որ խորհրդարանական ընտրություններին Կոտայքում հաղթել է Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը, որ ռեյտինգային թեկնածուներն ավելի շատ քվե են ստացել, քան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Պարզ ասած՝ վստահ էին, որ հաղթանակը լինելու է նույնքան շռնդալից, որքան արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իսկ խորհրդարանական ընտրություններին ընտրողը քաղաքական ասպարեզում պատահական հայտնված նորելուկներին գործուղեց պետական ապարատ՝ «հանուն» Փաշինյանի և վերջինիս ներկայացրած արմատական փոփոխություններ իրականացնելու տեսլականի: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ հեղափոխությունից մեկ տարի անց իրավիճակ է փոխվել, որ հեղափոխական պաթոսն այլևս բավարար չէ ընտրություններին հաղթանակ տանելու համար։

«Քաղաքացիական պայմանագիրը» կանգնեց արտասովոր քաղաքական ռեբուսի առաջ: Հանրահավաքային բոցաշունչ ելույթները, քայլերթերն ու նախկին ռեժիմի դեմ բողոքի գործողությունները, իսկ հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների մասնակցությամբ տեսարանների ապահովումն այն հիմնական գործիքներն էին, որոնք օգնել էին իրենց՝ հաղթանակի հարցում: Այսօր, սակայն, լինելով իշխող ուժը՝ նրանք մի շարք համայնքներում չկարողացան իշխանությունն իրենց ձեռքը վերցնել: Խնդիրն այն է, որ ՔՊ ներկայացուցիչները չունեն որևէ երաշխիք, որ հանրապետության մյուս քաղաքներում և գյուղերում էլ վաղը շարունակական պարտություն չեն կրի:

Նախկին ռեժիմի խաղի կանոններով՝ տեղի իշխանիկները հատկապես ընտրությունների նախաշեմին ակտիվորեն աշխատում են ընտրողի հետ՝ լուծելով կենցաղային մանր հարցեր (ժամանակ առ ժամանակ փոքր գումար, բակի բարեկարգում, սերմացու, պարարտանյութ և այլն), որպեսզի ընտրությունների ժամանակ այդ էլեկտորատի ձայները «չփոշիանան»։

Հունիսի 9-ին գուցե հաղթեցին խաղի այդ կանոնները:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն, քաղաքացին չխաղաց այդ «խաղը», որովհետև կար գաղափար, որը ջախջախեց նախորդ ռեժիմի մնացուկներին: Փոփոխությունների հասնելու կարճաժամկետ տեսլականը հաղթանակ պարգևեց իշխող ուժին:

Սակայն երբ գաղափարը նյութական արժեքի չի վերափոխվում, երբ համակարգային, արմատական բարեփոխումներն ուշանում են, քաղաքացին կամ բոյկոտում է ընտրական գործընթացը (Աբովյանում ընտրության չգնաց 60%-ը), կամ ընտրում է կենցաղային, ընթացիկ հարցերին լուծում տվող իր ճանաչած իշխանիկին: Արդյունքում պոպուլիզմը պարտվեց այն «ժողովրդավարությանը», որը հաղթեց Աբովյանում և ոչ միայն:

«Ժողովրդավարությանը» հաղթելու փորձեր

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները «ժողովրդավարության» հաղթանակից անմիջապես հետո հայտարարեցին, որ կվերլուծեն խնդիրները և հետևություններ կանեն, թե ինչու քաղաքացին ազատ ընտրությունների արդյունքում հաղթական քվեն չվստահեց իրենց: Երեք օր անց մամուլը գրեց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Խորքային սխալները հասկանալու, իրական արմտական բարեփոխումների ճանապարհն ընտրելու փոխարեն իմքայլականները մտմտում են ժողովրդավարական ազատությունները սահմանափակելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ օրակարգում են պահում հետևյալ թեզը՝ հակահեղափոխության վտանգները պետք է կանխարգելել իշխանության ամրապնդմամբ։ Պարզ ասած, եթե «ժողովրդավարությունը» հաղթում է իրենց, իրենք էլ կփորձեն հաղթել այդ «ժողովրդավարությանը»։

ՀԳ. Թերևս սուր քննադատություններից խուսափելու նպատակով իշխող կուսակցության ներկայացուցիչը հետ կանչեց վիճահարույց նախագիծը՝ այն լրամշակելու մտադրությամբ:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ