Արամայիս Աղաբեկյան. ՌԴ-ն ու Ադրբեջանը դեմ չեն լինի Սյունիքով միջանցք բացելու սցենարին՝ ռազմական ագրեսիա կիրառելով Հայաստանի դեմ, որն այժմ զսպվում է Իրանի և արևմտյան գործոնով | Region

Արամայիս Աղաբեկյան. ՌԴ-ն ու Ադրբեջանը դեմ չեն լինի Սյունիքով միջանցք բացելու սցենարին՝ ռազմական ագրեսիա կիրառելով Հայաստանի դեմ, որն այժմ զսպվում է Իրանի և արևմտյան գործոնով

Հոկտեմբեր 17,2024 21:01

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը դեռ ամիսներ առաջ չէին բացառում խաղաղության պայմանագիրը կնքել այս տարի, մինչև COP29-ը, որն անցկացվելու է Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Փաշինյանն ու Ալիևը հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80 տոկոսն արդեն համաձայնեցված է։ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել արդեն համաձայնեցված կետերով։ Ալիևը Փաշինյանի այս առաջարկն անիրատեսական է համարում:

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Մարտական ​​եղբայրություն» միաբանության անդամ Արամայիս Աղաբեկյանը REGIONSTV-ի հետ հարցազրույցում մեկնաբանում է, թե ինչու է Ալիևը փորձում հետաձգել փաստաթղթի ստորագրումը։ Աղաբեկյանն ասում է՝ դիվանագիտության մեջ մասամբ ստորագրված փաստաթղթեր չեն լիոնւմ, խաղաղության պայմանագիրը կամ կա, կամ չկա։

«Անգամ կարծիքների տարբերությունը նշանակում է կարծիքների տարբերություն ամեն ինչում։ Խնդիրն այն չէ, որ Ալիևը խաղաղության պայմանագիրն անիրատեսական է համարում, նա պարզապես խաղաղություն չի ուզում։ Նրա ինչի՞ն է պետք խաղաղություն։ Այսօր նա լավ դիրքերում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով։ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Ալիեւը շատ լավ դաշնակից ունի՝ Ռուսաստանը։ Սակայն Ադրբեջանը բարձրաձայն հայտարարում է, որ Հայաստանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, Հայաստանը պատրաստվում է պատերազմի։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում են, որ մենք պատրաստվում ենք «Խաղաղության խաչմերուկին», մենք պատրաստ ենք խաղաղության։ Ամեն դեպքում, իշխանությունները պետք է Հայաստանի բնակչությանը նախապատրաստեն ռազմական գործողություններին։ Բայց եթե բնակչությանը չեն պատրաստում ռազմական գործողություններին, ապա պարզ է, որ իշխանությունները չեն ցանկանում պաշտպանել երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Սրա հիման վրա Ալիեւը չէ գնում խաղաղության։ Իսկ եթե, Աստված չանի, ռազմական գործողություններ սկսվեն, Նիկոլ Փաշինյանը դուրս կգա ու երեք միլիոն  բնակչությանը կասի, որ գնացել է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել»։

Աղաբեկյանը նկատում է՝ ամբողջ աշխարհում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք թույլ են տալիս Ալիևին իրեն այդքան լկտի պահել․« Ալիեւը շատ լավ է հասկանում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը։ Նա գիտի, որ հին աշխարհակարգն այլևս չի գործում, և փորձում է առավելագույնս օգտվել դրանից»։

Իշխանությունը մշտապես հայտարարում է՝ Հայաստանը շահագրգռված է բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։ Փաշինյանն էլ իր հերթին Սյունիքով անցնող ճանապարհի մասին հայտարարել է՝ ՌԴ ԱԴԾ–ին կարող է տրվել միայն մոնիթորինգի գործառույթ, որպեսզի վերահսկեն, թե ինչպես է Հայաստանը կատարում իր պարտավորությունը։ Ընդ որում, Փաշինյանը պնդում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը չի վերաբերում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապին։ Սակայն  Մոսկվան պնդում է, թե Հայաստանը խախտել է պայմանավորվածությունը, հրաժարվել է համաձայնեցնել տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը ռուս սահմանապահների կողմից։

Արդյոք Հայաստանը կկարողանա Սյունիքով անցնող ճանապարհն իր վերահսկողության տակ պահել, Բաքուն իսկապե՞ս կարող է ռազմական ուժով գրավել այն։  Այս հարցերին ի պատասխան Աղաբեկյանն ասում է՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը դեմ չեն լինի Հայաստանի դեմ ռազմական ուժի կիրառմամբ միջանցքը բացելու սցենարին։ Սակայն, այս պահին, ըստ Աղաբեկյանի, այս երեկու երկրներին  հետ է պահում Իրանի և Արևմուտքի գործոնը․«Եթե ​​Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա մեծ է հավանականությունը, որ ռուսական և ադրբեջանական ուժերը, ի վերջո, հաջողության կհասնեն և ուժով կլուծեն իրենց խնդիրները։ Որպեսզի նման սցենար տեղի չունենա, Հայաստանի Հանրապետությանը պետք է անկախ իշխանություն, որը համարձակ որոշումներ կկայացնի»։

ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև վերջերս ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի՝ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Թե ինչու Ռուսաստանը հեշտությամբ փոխանցեց սահմանի վերահսկողությունը Հայաստանին, Աղաբեկյանը մեկնաբանում է՝ դրա պատճառը Մերձավոր Արևելքի իրադարձություններն են, Իրանի և Իսրայելի հարաբերությունների վատթարացումը և Հարավային Կովկասում հնարավոր նոր պատերազմը․« Փոթորիկից հետո փրկչի դերին վերադառնալու համար Ռուսաստանն այս պահին լվանում է ձեռքերը»։

Նախորդ ամիս Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը հայտարարել էր, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Հայաստան-Նախիջևան սահմանային հատվածում։  Ադրբեջանը պաշրբերաբար հայտարարում է, որ Հայաստանը զենք գնելով խոչընդոտում է խաղաղության գործընթացին, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հայաստանի հետ սահմանին «բոլոր հնարավոր սադրանքների դեպքում» կոնկրետ հանձնարարականներ է տվել։ Քանի որ СОР-29-ի օրերը մոտենում են, Բաքուն փորձում է «անկայունության գոտի» սահմանել հայ-ադրբեջանական շփման գծում»։ Նկատի ունենալով Մերձավոր Արևելքում տիրող ռազմական իրավիճակը, ԱՄՆ-ում ընտրություններին նախապատրաստվելը, կարելի՞ է ենթադրել, որ Ալիևը պատրաստվում է ռազմական գործողությունների նոյեմբերի վերջին կամ 2025 թվականի ձմռանը կամ գարնանը։ Այս հարցին ի պատասխան Արամայիս Աղաբեկյանն ասում է․«Ալիևը կդիմի ռազմական ագրեսիայի, եթե զգա, որ միջազգային խաղացողները կոշտ չեն արձագանքի և ռազմական աջակցություն չեն ցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը։ Շատ հավանական է նման սցենարի զարգացումը»։

Զաբելա Ավագյան

Նորություններ