Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը խստացվում են | Region

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը խստացվում են

Հոկտեմբեր 24,2024 15:01

Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը խստացվում են։ Այս մասին որոշման նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։  Հարցն ընդգրկված էր  չզեկուցվող հարցերի օրակարգում։

Որոշումը պայմանավորված է դեպի ՀՀ ուղղված իմիգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման անհրաժեշտությամբ։

Առաջարկվում է ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգեր Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար։ Մասնավորապես, առաջարկվում է Հնդկաստանի, Իրաքի  և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել ԱՄՆ-ի Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, ՌԴ-ի, Ճապոնիայի, ԵՄ երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում կամ ներկայացնել ինքնաթիռի տոմս (վերադարձով), մուտքի վիզայի դիմումների ուսումնասիրության փուլում, որպես գնահատման չափանիշ, կարևոր է ոչ թե միակողմանի, այլ վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայությունը, որպես նախանշված ժամկետում վերադառնալու մտադրության ապացույց։

Նախագծում նշված է՝ որոշման ընդումամբ կխստացվի ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը այդ երկրների քաղաքացիների համար և թույլ կտա վերահսկելի դարձնել միգրացիոն հոսքերը և կանխել անօրինական միգրացիայի արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին  երկու  տարիներին կտրուկ աճել է  էլեկտրոնային  մուտքի վիզա (E-VISA) ստանալու ճանապարհով ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր   վիզայի  ժամկետի ավարտից  հետո շարունակում մնալ ՀՀ տարածքում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը: Որոշակի աճ  է արձանագրվել նաև  Եգիպտոսի   քաղաքացիների մուտքերի դեպքում։ Խնդրահարույց  են  նաև Իրաքի  քաղաքացիների  մուտքերի ծավալները, չնայած  նրան,  որ  այս  դեպքում մուտքի ծավալները չեն աճել, սակայն  աճել  է այս երկրի քաղաքացիների կողմից  ներկայացվող  ապաստանի հայցերի թիվը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ որոշակի աճ  է արձանագրվել նաև  Եգիպտոսի   քաղաքացիների մուտքերի դեպքում․«Խնդրահարույց  են  նաև Իրաքի  քաղաքացիների  մուտքերի ծավալները։ Չնայած նրան, որ այս դեպքում մուտքի ծավալները չեն աճել՝ աճել  է  այս  երկրի քաղաքացիների կողմից ներկայացվող  ապաստանի հայցերի  թիվը։ Վիզայի ժամկետի խախտման միջինացված ժամանակահատվածը կազմում է 90 օրից ավելի։ Ուսումնասիրությունները ցույց  են  տալիս, որ տրված վիզայի ժամկետը խախտած Հնդկաստանի քաղաքացիների 70%-ը իրենց վիզաները ստացել են հայկական տուրիստական գործակալությունների հրավեր-երաշխավորագրերի հիման վրա: Չնայած նրան, որ տուրիստական գործակալությունների կողմից ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչություն ներկայացվող հրավեր-երաշխավորագրերում, որպես կանոն, առկա է հավաստիացում, որ հրավիրյալ անձը չի դիմի կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության համար, նախանշված ժամկետում կմեկնի ՀՀ-ից,  իրականության  մեջ պատկերը  բոլորովին  այլ  է,  և փաստորեն վիզաների հաստատման համար միայն տուրիստական գործակալությունների հրավերների առկայությունը չի կարող համարվել բավարար հիմք, քանի որ դրանք, 70% դեպքերում, փաստորեն չեն երաշխավորում տուրիստական այցելության իրական նպատակը և սահմանված ժամկետում ՀՀ-ից մեկնելը»:

Նածագծում նշված է, որ խնդիր է Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի հետ ռեադմիսիոն համաձայնագրի բացակայությունը, ինչը խոչընդոտում է հետվերադարձի ինստիտուտի լիարժեք իրականացմանը․«ՀՀ-ում  սկսում  են   կուտակվել  անօրինական միգրանտների  խմբեր, ինչը   բերում  է մի շարք  բացասական հետևանքների, մասնավորապես, մեծանում  է  անօրինական միգրանտների կողմից  հանցագործությունների կատարման,  ինչպես  նաև  նրանց՝ թրաֆիքինգի  ենթարկվելու   ռիսկը։ Մյուս կողմից  էլ  մեծանում  է   անօրինական միգրանտների՝ ՀՀ  տարածքը  դեպի  եվրոպական երկրներ  տեղաշարժվելու   համար տարանցիկ գոտու վերածվելու հավանականությունը, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԵՄ-ի  հետ  վիզաների ազատականացման գործընթացի վրա:

 

Նորություններ