Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը | Region

Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Հոկտեմբեր 24,2024 21:35

Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։

Դեսպանի խնդրանքով Նախագահը անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսեւորած անկեղծ եւ սկզբունքային աջակցության համար։ Հայտնում են ՀՀ Առաջին նախագահի գրասենյակից։

Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության եւ ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության եւ Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց եւ խորհրդանշական պետական արարողությունները։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Նորություններ