«Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի մշակումն ավարտվել է․ այն հաջորդ տարի կներկայացվի հաստատման
«Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումն արդեն ավարտվել է, այն հաջորդ տարի կներկայացվի հաստատման։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«2025 թվականի պետական բյուջեով առանձնացրել ենք առանձին բյուջետային ծրագիր Ակադեմիական քաղաքի համար։ Մեծ թափով շարունակելու ենք ծրագրի իրականացումը։ Այս տարի ավարտել ենք «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը։ 2025 թվականին արդեն հաստատման կներկայացվի ամբողջական գլխավոր հատակագիծը՝ տեղական օրենսդրության համապատասխան»,- ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ մեկնարկել են նաև քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, Ակադեմիական քաղաքի կառավարման մոդելի, Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները՝ միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով։