Արգիշտի Քյարամյանը՝ հանցագործ աշխարհից ուղարկած խաչի, իր մեդալների և հանրությունից ներողություն խնդրելու մասին | Region

Արգիշտի Քյարամյանը՝ հանցագործ աշխարհից ուղարկած խաչի, իր մեդալների և հանրությունից ներողություն խնդրելու մասին

Հոկտեմբեր 30,2024 14:23

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրեր առաջ խորհրդարանում հնչեցրած իր հայտարարությունների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթին։

Քյարամյանն ասաց, որ շատ նորմալ է, եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, ապա ինքը չի կարող գնահատական տալ գործընկեր նախաքննական մարմնի հարուցած վարույթին։

Նա վստահեցրեց, որ իրեն հարցաքննության չեն հրավիրել․«Կա քրեական վարույթ, եւ այս առումով որեւէ այլ մեկնաբանություն տալու ոչ իրավական հիմք ունեմ, ոչ էլ կոռեկտ է»։

Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում լսումների ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ։ Պատգամավորն իր ելույթում քննադատել էր Քյարամյանին, նշելով՝ կալանքը մի օգտագործեք ճնշման միջոց, դա վտանգավոր է, որովհետեւ դուք չլինեք, ես լինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար։ Թե հետո ինչ տեղի կունենա մեր արդարադատության հետ, Աստված գիտի»։ Ի պատասխան Քյարամյանն ասել է․ «Էս երկրի երեսին այսպիսի մեկը չկա, ով կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել։ Եվ եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կգրանցվի»։

Ապա Քյարամյանը դիմելով պատգամավորին, ասել է․«Պարոն Աղազարյան, խնդրում եմ նաեւ մեկնաբանեք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»։

Հովիկ Աղազարյանն էլ բուռն է արձագանքել․ «Պարոն Քյարամյան, ինչո՞ւ դուք իմ տղայի հետ կապված քրեական գործը չեք հասցնում մինչեւ վերջ, միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լեւոն Քոչարյանի՞ն։ Ի՞նչ է նշանակում՝ չկա մեկը, ոչ ինձ դիտողություն անի, ձեր թաղը չի ստեղ»։
Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին՝ ովքե՞ր են Արգիշտի Քյարամյանին զանգել պատգամավորի որդու գործով, ինչին ի պատասխան Քյարամյանն ասաց․«Ես ինչ ասել եմ, դրանք փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում առկա գործ, բացարձակ կոռեկտ չէ եւ իրավական տեսանկյունից էլ ճիշտ չեմ համարում այդ հարցին անդրադառնալ»։

ՔԿ նախագահը հավելեց՝ ոչ բոլոր միջամտություններն են, որոնք հանցավոր կարող են համարվել․ «Ես դա չեմ համարել հանցագործություն»։ Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ բարձրաձայնեց այդ մասին, Քյարամյանը պատասխանեց․ «Որովհետեւ ոչ միայն հանցագործություններ են բացահայտվում, այլ նաեւ երեւույթները»։

Ինչ վերաբերում է ԱԺ լսումների ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին, ասաց, որ խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ․«Հետեւաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։ Ես, օգտվելով այս պատեհ առիթից, ուզում եմ ափսոսանք հայտնել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար, առավել եւս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաեւ ինձ է վերաբերում»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք չի պատրաստվում ներողություն խնդրել հանրությունից։ Քյարամյանն այս առնչությամբ ասաց․«Եթե հանրությունն ընդհանուր խնդիր է տեսնում, եւ վստահ եմ, որ տեսել է, իհարկե, դա ինձ համար բացարձակ խնդիր չէ։ Իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ ցանկացած գործողությունում խնդիր է տեսնում։ Դա ինձ համար բավական հաճելի իրավիճակ է»։

Լրագրողների հարցին՝ թե որ ծառայությունների համար է  այդքան շատ մեդալ  ստացել, Քյարամյանը պատասխանեց․ «Հաշվառում այդ հարցով չի արվում, կարեւորելով հանդերձ՝ չեմ դնում, գրում, թե որ թվին ինչ ստացա եւ ինչի համար։ Եվ այդ հարցին անդրադառնալն իմ տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ես երբեք չեմ կարեւորել ինձ տրված պարգեւները կամ մեդալները, այդ մարդիկ գտել են նպատակահարմար, տվել են։ Կներեք, բայց դա լուրջ խոսակցություն չեմ համարում»։
Այս ճեպազրույցի ընթացքում լրագրողները նկատեցին, որ Արգիշտի Քյարամյանի ձեռքին խաչ կար, ու հետաքրքրվեցին՝ լուրեր կան, որ դա հանցագործ աշխարհից ուղարկված խաչ է, ինչին ի պատասխան Քյարամյանն ասաց․ «Չէ, Տաթևի վանքում պատրաստված խաչ է»։

Նորություններ