Իսպանիայում հեղեղումների պատճառով առնվազն 63 մարդ է մահացել
Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով նախնական տեղեկություններով առնվազն 63 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Մի շարք քաղաքներում հեղումները փակել են ճանապարհներն ու երկաթուղային գծերը:
Վալենսիայի տարածաշրջանը և Արևելյան Իսպանիայի այլ շրջաններ տուժել են հեղեղումների պատճառով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն Իսպանիայի հեղեղումների մասին գրել է՝ Իսպանիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը (AEMET) հայտարարել է, որ օրական ամենաշատ տեղումները գրանցվել են Չիվա շրջանում՝ Վալենսիայից 30 կմ դեպի արևմուտք՝ 445,4 մմ․«Սա Իսպանիայում տեղումների օրական քանակի մեծությամբ երկրորդ արժեքն է 1996 թվականի սեպտեմբերի 11-ին Տավերնես դե լա Վալ քաղաքում 520 մմ-ից հետո: Climatebook գիտական թիմի կողմից ստացված նախնական արբանյակային տվյալները ցույց են տալիս, որ արևելյան Իսպանիայի մեծ տարածքում ավելի քան 100-150 մմ անձրև է տեղացել (180 մմ կենտրոնական Վալենսիայում), իսկ որոշ տեղերում՝ ավելի քան 250 մմ՝ 24 ժամվա ընթացքում»: