Արարատ Միրզոյան․ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ | Region

Արարատ Միրզոյան․ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ

Հոկտեմբեր 31,2024 13:15

Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից  հետաքրքրվեց՝ արցախյան հակամարտության կարգավորման հարց արտգործնախարարության օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ,  Հայաստանի համաձայնությունն ունենալով՝ Ադրբեջանում պետք է գումարվի COP29-ը, մեր մասնակցությունը առիթ չէ՞ եւս մեկ արդյունք ստանալու, այսինքն՝ հասնել նրան, որ Ադրբեջանի բանտերում պահվող 30-ից ավելի գերիներն ազատ արձակվեն։

«ՀՀ արտաքին գործերի նախարարության թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ-ի շուրջ խաղաղություն և կայունություն ապահովելն է։ Այս շրջանակներում թիվ մեկ քայլը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։ Երբ ասում եք Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, մենք հասկանում ենք այն ամբողջ կոնֆլիկտը, որը եղել է։ Քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ես լավ չեմ հասկանում, բոլորս ունենք մեր պատկերացումները։ Որպեսզի կարողանանք հարցադրումները ճիշտ հասկանալ ու պատասխանել, պետք է շատ հստակ ձեւակերպումներ անենք։ Ես մի բան եմ հասկանում ԼՂ հակամարտություն ասելով։ Դուք կարող է մեկ այլ բան։ Մենք զբաղվում ենք այս պահին եւ այդ մեր զբաղվելիքը ունի հետեւյալ վերնագիրը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ, ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս դրան առանձին չանդրադարձա, դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ, և պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ»։

Անդրադառնալով COP29-ին մասնակցելու ու հայ գերիների հարցին՝ Արարատ Միրզոյանն ասաց՝ մենք մշտապես խոսում ենք գերիների անհապաղ ազատ արձակման հարցի մասին, նաև՝ բռնի անհետացումների, անհետ կորածների  և այլ հումանիտար հարցերի մասին․« COP29-ին ՀՀ մասնակցությունը որևէ կերպ հաստատված չէ, հրավեր ստացել է ՀՀ-ն։ Մենք այս հարցում որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք չենք դրսևորել»։

Արմեն Ռուստամյանն արձագանքեց՝  ես խոսում էի այն ծրագրերի մասին, որոնք արձանագրված են ձեր կառավարության ծրագրում․«Ձեր ասածից հասկացա, որ արցախյան հակամարտության կարգավորման հարց որպես այդպիսին ձեր օրակարգում չկա։ Վերցրեք ձեր ծրագիրը եւ կարդացեք՝ ինչ է այնտեղ գրված։ Այդ ծրագիրը դուք պատրաստվում եք իրականացնել, թե՞ ոչ։ Նույնը վերաբերում է Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, նույն արձանագրությունները կան ձեր կառավարության ծրագրում»։

Ի պատասխան Միրզոյանն ասաց՝ իմ պարտականությունն է այնպես անել, որ ՀՀ քաղաքացիներն ապրեն անվտանգ ՀՀ  29,743 քկմ ինքնիշխան եւ ապահով տարածքում․«Ես որեւէ նախադասություն, որեւէ քայլ, որեւէ ուղերձ բխեցնում եմ միմիայն այդ պատկերացումից ու պարտականությունից։ Ես իրավունք չունեմ, թույլ տալ, որ սենտիմենտները մեզ առաջնորդեն»։

Նորություններ