Աշխարհազորը փոխարինում է տեղական պաշտպանության ուժերով․կառավարությունը հաստատեց նախագիծը | Region

Աշխարհազորը փոխարինում է տեղական պաշտպանության ուժերով․կառավարությունը հաստատեց նախագիծը

Հոկտեմբեր 31,2024 15:05

Կառավարությունը աշխարհազորի համակարգը փոխարինում է տեղական պաշտպանության ուժերով։ Այս մասին որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։  Չզեկուցվող հարցով գործադիրն ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը։

Նախագծի համաձայն՝ աշխարհազորի համակարգը փոխարինում է տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում ներառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը, աշխարհազորի համակարգի փոփոխման կապակցությամբ փոփոխություններ են կատարվում նաև հարակից օրենքներում:

Հիմնավորման մեջ նշված է՝ 2020 թվականի հոկտեմբերին «Պաշտպանության մասին» և մի շարք այլ օրենքներում կարգավորումներ սահմանվեցին աշխարհազորի համակարգի վերաբերյալ, սահմանվեց աշխարհազորի նպատակները, ձևավորման և կիրառման կարգը և այլն: Ըստ այդմ՝ ստեղծվում էին աշխարհազորի պայմանական զորամիավորումներ, բրիգադներ և գումարտակներ, որոնց ղեկավարները (հրամանատարը) էին հանդիսանալու համապատասխանաբար մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները: Այդ մարմինների վրա էր դրվում նաև աշխարհազորային պայմանական ստորաբաժանումները կամավոր սկզբունքով քաղաքացիների համալրման ապահովման գործընթացը: Այդ նպատակով նաև ստեղծվեցին մարզպետների տեղակալների համապատասխան հաստիքներ։

«Սկայն գործընթացի գործնական կիրառման ընթացքը ցույց տվեց, որ սահմանված համակարգը գրեթե չի գործում, աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվում են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից, նրանց ղեկավարման հետ օրենքով սահմանված մարմինները որևէ առնչություն մինչ այժմ չեն ունեցել: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքի ռազմավարական խորության բացակայությունը, անվտանգային միջավայրի վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ունենալ տեղային և կամավորության սկզբունքով ձևավորվող տեղական պաշտպանության ուժեր, որոնք ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա: Այդ նպատակով առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից»,-գրված է հիմնավորման մեջ։

 

Նորություններ