19 000 բնակիչ ունեցող Արթիկ քաղաքը հանրային տրանսպորտ չունի
Ավելի քան 6 տարի է՝ Շիրակի մարզի երկրորդ քաղաքը՝ Արթիկը, ներքաղաքային տրանսպորտ չունի:
19 000 բնակչություն ունեցող քաղաքի մի ծայրից մյուսը մոտ 7 կմ է: Բնակիչները հիմնականում տաքսիներով են երթևեկում, ինչը բավականին ավելացնում է ընտանիքների ծախսերը, բայց այլընտրանք չկա: Մշակութային, կրթական, մարզական, նաև արտադրական ընկերությունները քիչ չեն Արթիկում, կան բնակիչներ, ովքեր հիմնականում ոտքով են աշխատանքի գնում, քաղաքի մի ծայրից մյուսը, կիլոմետրերով քայլում: Ոմանք էլ Արթիկի տարածքով երթևեկող գյուղերի հանրային տրանսպորտից են օգտվում:
Արթիկ համայնքը 2021 թվականին է խոշորացվել, քաղաքին միավորվել են նախկին տարածաշրջանի 23 գյուղերը: Համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանի խոսքով, համայնքային միջոցներով առայժմ կարողանում են միայն մանկավարժների ու դպրոցականների առավոտյան տեղափոխումն ապահովել դեպի կրթական հաստատություններ, առանց հետադարձի: Դա 2,5 մլրդ դրամ կազմող համայնքային բյուջեից ավելի քան 1 մլն դրամ է պահանջում: Մտադիր են միջազգային ծրագրով 2 միկրոավտոբուս գնել քաղաքի համար, որոնցով էլ կկազմակերպվեն ուղևորափոխադրումները Արթիկում: