Վաղը Մոլդովայի քաղաքացիները ընտրություն կանեն ռուսամետ և եվրոպամետ նախագահի թեկնածուների միջև
Մոլդովայում այսօր լռության օր է, վաղը երկրում նախագահի ընտրությունների երկրորդ փուլն է։ Ինչպես և Վրաստանում, այնպես էլ Մոլդովայում, քաղաքացիները ընտրություն պետք է կատարեն ռուսամետ և եվրոպամետ թեկնածուների միջև։
Այս վճռորոշ փուլում նախագահի թեկնածուներն են ռուսամետ համարվող նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, և գործող նախագահ, Հարվարդի շրջանավարտ Մայա Սանդուն, որի քաղաքական ծրագիրն է Մոլդովան եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դարձնելը։
Ընտրությունների առաջին փուլում՝ հոկտեմբերի 20-ին Սանդուն ստացել է 42,49% ձայն, իսկ Ստոյանոգլուն՝25,95%։
Երկիրը ՌԴ-ի ազդեցության կամ ԵՄ-ին ինտեգրվելու ընտրության առջև է։
Նախագահի ընտրությունների առաջին փուլին զուգահեռ՝ հոկտեմբերի 21-ին Մոլդովայում Սահմանադրության մեջ եվրաինտեգրումն ամրագրելու հարցի վերաբերյալ հանրաքվեն էր։ Քվեարկությանը մասնակցածների 50,3%-ը հավանություն է տվել հարցին։ Երկրի Սահմանադրական դատարանը հաստատել է հանրաքվեի արդյունքները։
Այս հանրաքվեն իրավական որևէ ազդեցություն չունի ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու համար Բրյուսելի հետ բանակցություններում։
Մոլդովայի ոստիկանապետը ընտրություններին հաջորդած օրերին հայտարարել էր՝ Ռուսաստանը վերջին երկու ամսում 39 միլիոն դոլար է ներդրել հոկտեմբերի 20-ի ընտրությունների վրա ազդելու համար։