Խաղաղության պայմանագիրը պատերազմի բացակայության երաշխիք չէ.քաղաքագետ
Բաքվի հետ որևէ փաստաթղթի ստորագրումը այս փուլում մեծ հաշվով ոչինչ չի տալու Հայաստանին,- REGIONSTV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հայկական կողմի այն պնդմանը, թե հիմա էլ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանգիրը համաձայնեցված դրույթներով, եթե Ադրբեջանը համաձայնի.
«Խաղաղության պայմանագիրը ինքնին պատերազմի բացակայության երաշխիք չէ: Աշխարհում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել ու չեղարկվել, իսկ խաղաղությանը հաջորդել են պատերազմներ»,-նշում է Կարապետյանը:
Ըստ քաղաքագետի՝ իշխանությունը շտապում է, որպեսզի 2026-ի ընտրություններին ընդառաջ թմբկահարի փաստաթուղթն ու հայտարարի, թե խաղաղության դարաշրջան ենք թևակոխում.
«Ադրբեջանը չի շտապում շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որովհետև իրեն այդ փաստաթուղթը այս պահին պետք չէ: Ալիևն ինչո՞ւ պետք է այդ պայմանագիրը ստորագրի, երբ Հայաստանը զիջումների ցիկլում է, իսկ ինքը ստանում է բոլոր ակնկալիքներն ու պահանջները, Բաքուն ինչո՞ւ պետք է իր համար արհեստական խոչընդոտ ստեղծի խաղաղության պայմանագրի տեսքով»,-ասում է Կարապետյանը: Քաղաքագետը վստահ է՝ Բաքուն թուղթ կստորագրի միայն այն ժամանակ, երբ ամբողջապես Հայաստանից ստանա իր պահանջածը: