Հայաստանյան բացառիկ լեգիտիմությունը՝ ընդդեմ բռնապետների միաբանության եւ տարածաշրջանային անկայունության | Region

Հայաստանյան բացառիկ լեգիտիմությունը՝ ընդդեմ բռնապետների միաբանության եւ տարածաշրջանային անկայունության

Մայիս 13,2018 14:22

Հաշվի առնելով Հայաստանի նորընտիր իշխանությունների լեգիտիմության մեծ պաշարը, որը երբեւէ չեն ունեցել նախորդները ոչ երկրի ներսում, ոչ Հայաստանի սահմաններից դուրս, կարելի է ենթադրել, որ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում Հայաստանն առավել կոշտ եւ անզիջում դիրքորոշում կորդեգրի: Դա փաստեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախում արած իր հայտարարություններով:

Իսկ դա ենթադրում է կոշտ հակազդեցություն Ադրբեջանի կողմից՝ այդ երկրի «անփոխարինելի» նախագահի ոչ ադեկվատ վարքագծի տարբեր դրսեւորումներով եւ սահմանի երկայնքով փուլային ագրեսիվ մանեւրների հաճախակիացմամբ:

Տարածաշրջանում անկանխատեսելի եւ անցանկալի զարգացումների դեպքում Ադրբեջանը մշտապես պատրաստ է արցախյան հակամարտության գոտում արկածախնդրության դիմել:

Իսկ այդ անցանկալի զարգացումների բոլոր նախապայմաններն այսօր առկա են: Իսրայելը, ոչ առանց ԱՄՆ-ի համաձայնության, օտար երկրի տարածքում հարձակումներ է ձեռնարկում երրորդ երկրի՝ Իրանի ռազմական օբյեկտների վրա, իսկ երրորդ երկիրն օտար երկրի տարածքից հակահարված է տալիս մյուս երկրի ուժերին: Սիրիան ծվատելու գործընթացը շարունակվում է, երկիրը ոտքի կոխան է դարձել բոլոր նրանց համար, ովքեր չեն ալարում հատել սիրիական սահմանը:

Այս իրադարձությունները, նաեւ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ու մի շարք այլ երկրների շահերի բախումը Մերձավոր Արեւելքում եւ այլուր, մեր տարածաշրջանի անկայունության պատճառ կարող են հանդիսանալ, ինչը կարող է որոշ երկրների հարաբերությունների արմատական վերանայումների հանգեցնել:

Սիրիա-Թուրքիա-Իրան-Իսրայել առանցքում գերտերությունների շահերի փնտրտուքներն անշուշտ իրավիճակի կարգավորման մասին չեն խոսում: Եվ քանի որ այդ առանցքի հիմնական խաղացողները միջնորդի կամ հովանավորի դեր են ստանձնել նաեւ արցախյան հակամարտության կողմերի համար, դա կարող է խաթարել նաեւ իրավիճակը Հայաստանի սահմանային շրջաններում՝ այդ թվում Արցախում։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լեգիտիմության հետ կապված որևէ խնդիր չունի, չունի նաեւ ժողովրդի աջակցության, վստահության պակասի խնդիր։ Անշուշտ դա նրան հնարավորություն կտա արժանավայել կերպով ներկայացնել Հայաստանի շահերը տարբեր երկրների ղեկավարների՝ այդ թվում Պուտինի, Ալիեւի կամ, ասենք, Էրդողանի ու Նազարբաեւի հետ հանդիպումների ժամանակ։

Սակայն նա ունի մի մեծ խնդիր…

Փաշինյանը ստիպված կլինի նստել-ելնել, բանակցել ու բանավիճել այնպիսի գործընկերների հետ, ովքեր սեփական երկիրը համարում են ժառանգաբար փոխանցվող հայրական կալվածք եւ տենդագին վախ ունեն ժողովրդավարական ցանկացած գործընթացից, հատկապես այն դեպքում, երբ այդ պրոցեսներն ընթանում են հարեւան կամ իրենց վերահսկողության տիրույթում գտնվող երկրներում: Լեգիտիմ, ժողովրդավար ղեկավարը ստիպված կլինի բանակցել բռնապետական մոնոլիտ ռեժիմների միաբանների հետ, ովքեր ստեղծել են իրենց երեւակայական աշխարհը՝ առաջին հերթին սեփական շահերն ու դիրքերն ամուր պահելու մղումով:

ՀՀ վարչապետը ստիպված կլինի նրանց հետ բանակցել տարբեր ձեւաչափերի հանդիպումների ժամանակ՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, անգամ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումների ընթացքում:

Ինչպես հայտնի է, Իլհամ Ալիեւն արդեն իսկ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունների ձեւաչափի փոփոխության մասին Արցախում արած հայտարարությանը: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հակամարտության կարգավորման հարցով բանակցային թեմա չէ: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է»,- ասել է Ալիևը:

Ավտորիտար ռեժիմների «կնքահայրերի» հետ բանակցություններում շատ մեծ համբերություն եւ ճկունություն է պետք, հատկապես Հայաստանի նման փոքր ու խոցելի երկրի բանագնացի համար:

Բռնապետների միաբանության շրջապատում առանձնացող ժողովրդավարության պրակտիկ իրականացումը կախված է նաեւ բնակչության թվաքանակից և տարածքի չափից։ Բնակչության փոքր թվաքանակի դեպքում նվազում են իշխանության իրական ծավալը և որոշումների կայացման հնարավորությունները, հատապես այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են երկրի պաշտպանությանը։

Նիկոլ Փաշինյանի համար բարդ է լինելու, քանի որ ե՛ւ թշնամին, ե՛ւ դաշնակիցը բանակցություններում ազգային ինքնորոշման իրավունքը մշտապես ստորադասելու են տարածքային ամբողջականությանը, իսկ ժողովրդավարությունը՝ տարածաշրջանային մոնոլիտ բռնատիրությանը, քանի որ դա բխում է նրանց անձնական եւ պետական շահերից:

Այս դեպքում Փաշինյանին մնում է միայն օգտվել իր հիմնական հաղթաթղթից, հայաստանյան բացառիկ լեգիտիմությունն ու ժողովրդավարությունը գործածել ընդդեմ բռնապետների միաբանության՝ ազդակներ հղելով ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ միջազգային հանրությանը՝ մնալ ոչ թե որպես ստատուս քվոյի երաշխավոր, այլ դառնալ ժողովրդավարության կղզիախմբի (Հայաստան-Արցախ) անվտանգության պատասխանատու:

Էդուարդ Մխիթարյան

Նորություններ