Վահան Կոստանյան․ Սահմանադրության հարցը չի հանդիսանում Խաղաղության պայմանագրի մաս
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ասում է՝ թեև խաղաղության պայմանագրում գերեվարված անձանց վերադարձի հարց չկա, բայց խաղաղության գործընթացի ընդհանուր տրամաբանության մեջ հարցը բարձրացվում է։
Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել «Խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրված տարբերակը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այս առնչությամբ ասաց՝ կան հարցեր, որոնք կողմերի միջև դեռևս շարունակում են մնալ չհամաձայնեցված, բանակցությունները կողմերի միջև շարունակվելու են։
Փոխնախարարն ասաց, որ ՀՀ-ն կարճ ժամկետում կպատասխանի Ադրբեջանին։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը պնդում է, որ ՀՀ Սահմանադրությունից պետք է հանել Անկախության հռչակագրի հատվածը, որն, ըստ Ադրբեջանի, տարածքային պահանջներ է ներկայացնում, Կոստանյանը պատասխանեց՝ ՀՀ Սահմանադրության հարցը չի հանդիսանում խաղաղության պայմանագրի մաս․«Հայաստանը ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին»։
Հարցին՝ Ադրբեջանը խոսում է ՀՀ-ի ապառազմականացման մասին, փոխնախարարն ասաց՝ ապառազմականացման մասին Ադրբեջանի հետ քննարկում չկա․«Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Դրանք միտված չեն որևէ երրորդ ուժի դեմ»։
Արդյոք ենթակառուցվածների ապաշրջափակման վերաբերյալ կետը «Խաղաղության պայմանագրից» դուրս է, այս առնչությամբ էլ Կոստանյանն ասաց՝ համաձայանգրի տեքստում ապաշրջափակումը որպես կետ այս պահին չկա․«Բայց թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են։ Երկու երկրների փոխվարչապետները սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո նաև քննարկել են այս հարցը»։
Նա նաև վստահեցրեց, որ գերեվարված անձանց վերադարձի խնդիրը մշտապես Հայաստանի օրակարգում է․«Հայաստանի տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ այս հարցը բարձրացնում են»։
Կոստանյանը նշեց՝ թեև խաղաղության պայմանագրում գերեվարված անձանց վերադարձի հարց չկա, բայց խաղաղության գործընթացի ընդհանուր տրամաբանության մեջ հարցը բարձրացվում է։
Նրա խոսքով՝ հայկական կողմը մշտապես կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, որոնք ԱԳՆ-ին տեղեկություն են փոխանցում գերիների առողջական վիճակի մասին․«Բացի այդ, մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային իրավապահ կառույցների ու տարբեր այլ գործընկերների հետ»։