«Մեր նպատակը որքան հնարավոր է շուտ գնալ արտահերթ ընտրության»․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար | Region

«Մեր նպատակը որքան հնարավոր է շուտ գնալ արտահերթ ընտրության»․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

Նոյեմբեր 08,2024 12:59

Ինչո՞ւ Գյումրիի ավագանու անդամներից ՔՊ-ն  քաղաքապետի թեկնածու չի առաջադրում, ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը պատասխանում է՝«Բալասանյան» դաշինքն ամենաշատ քվե ստացած խմբակցությունն է եղել ու մանդատները վայր են դրել, ուրեմն այս ավագանին այլևս լեգիտիմ չէ իր լիազորություններն իրականացնելու համար և լեգիտիմ չէր լինի ավագանուց ընտրել համայնքի ղեկավար

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասում է՝ օրենքով  եթե համայնքի ղեկավար չի ընտրվում երկշաբաթյա ժամկետում, կառավարությունը արտահերթ նիստի օր է նշանակում, իսկ  խմբակցությունը նման կերպ է գործում՝ արտահերթ նիստ հրավիրում, որպեսզի  կառավարությունը կարողանա այդ գործընթացն ապահովել․«Մենք օրենքով ենք շարժվել»։

«Նիստը օրենքի խախտմամբ չենք հրավիրել։ Օրենքն ասում է, որ ավագանին 1/3 -ի նախաձեռնությամբ կարող է նիստ գումարել։ Մենք ունենք 1/3 –ը՝  11 մանդատ,  ունենք լիազորություն արտահերթ նիստ հրավիրելու»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն՝ անդրադառնալով այսօր հրավիրված արտահերթ նիստին։

Այսօրվա նիստը չկայացավ, քվորում չապահովվեց։ Ավագանու մյուս ծմբակցությունները չէին ներկայացել, նրանք հայտարարել էին, որ այս նիստը իրավաչափ չէ։

«Նիստը հրավիրել ենք որպեսզի նույն նիստի օրը որոշենք համայնքի ղեկավարի ընտրության հարցը։ Այսինքն, օրենքն ասում է, որ մենք նիստ պետք է հրավիրենք, հետո որոշենք համայքնի ղեկավարին։ Քանի որ մեր նպատակը որքան հնարավոր է շուտ գնալ արտահերթ ընտրության, մենք այս դեպքում օրեր ենք կրճատել և այդ գործընթացն արհեստականորեն չենք երկարաձգել։ Ինչ իմաստ ունի մեկ անգամ հավաքվել, օր որոշել հետո ասենք մի քանի օր հետ գալ նույն օրակարգով նիստ անել, երբ դա կարելի է անել մեկ օրվա ընթացքում, ընդամենը րոպեների կամ ժամերի տարբերությամբ»,-ասաց Հարությունյանը։

Նրա ներկայացմամբ՝ օրենքով  եթե համայնքի ղեկավար չի ընտրվում երկշաբաթյա ժամկետում, կառավարությունը արտահերթ նիստի օր է նշանակում,   խմբակցությունը նման կերպ է գործում, որպեսզի  կառավարությունը կարողանա այդ գործընթացն ապահովել․«Մենք օրենքով ենք շարժվել»։

Հարությունյանը չբացառեց, որ նույն օրակարգով ևս մեկ նիստ հրավիրեն։

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ ավագանու անդամներից չեն առաջադրում քաղաքապետի թեկնածուին, ՔՊ խմբակցության ղեկավարը պատասխանեց․«Մենք համարում ենք, որ  քանի որ «Բալասանյան» դաշինքն  ամենաշատ քվե ստացած խմբակցությունն է եղել և իրենք իրենց մանդատները  վայր են դրել, ապա այս ավագանին այլևս լեգիտիմ չէ իր լիազորություններն իրականացնելու համար և լեգիտիմ չէր լինի, որ մենք ավագանուց ընտրեինք համայնքի ղեկավար»։

Հարությունյանի խոսքով՝ մեզ որոշ դեպքերում մեղադրում են, որ արագացնում ենք գործընթացը, մյու սկողմից էլ ասում են, որ քաղաքը կոլապսի մեջ է, ինչո ՞ւ չեք արագացնում․«Մենք լավագույն տարբերակն ենք ընտրել, որորվհետև  քաղաքը փաստացի զրկված է գործադիր իշխանությունից, ու մենք, լինելով կառավարող ուժ, պետք է հրատապ որոշումներ կայացնենք, որպեսզի կարողանանք իրավիճակը փրկել»։

Հարցին՝ իշխող ուժը մեղավորություն չի՞ զգում, որ քաղաքի կառավարումը թերի է,  մեղադրանքներ կան, որ իշխանության ճնշումների հետևանքով է «Բալասանյան» դաշինքը հրաժարվել Գյումրու կառավարումից, քանի որ քրեական հետապնդում են սկսել Սամվել Բալասանյանի և որդու նկատմամբ, Հարությունյանը պատասխանեց՝  ես իշխանության թերացում չեմ տեսնում․«Համաձայն չեմ այդ մեկնաբանության հետ»։

Դիտարկմանը, որ տարիներ առաջ հարուցված  քրեական գործը հիմա է ակտիվանում, արդյոք սա ճնշում չէ, Հարությունյանը պատասխանեց՝  գործընթացը բացառապես իրավական է․«Չեմ կարող մեկնաբանել իրավապահ համակարգի գործառույթները։ Ես  կարծում եմ՝ իրավական և քաղաքական պրոցեսները չպետք է խառնել իրար, դրանք տարանջատված են։ Տեղի են ունեցել իրավական պրոցեսներ, որի շրջանակում կան մարդիկ, ովքեր որոշակիորեն պատասխանատվութան են ենթարվել։ Իրավական պրոցեսը քաղաքականացնելու որևէ միտում չեմ տեսնում»։

Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարին լրագրողների հշեցրեցին նախորդ նմանատիպ դեպքերը, երբ օրինակ Վանաձորի, Ախուրյանի, Ալավերդու ոչ ՔՊ-ական համայնքապետերը մեկ էլ հանկարծ հրաժարական են տալիս, Հարությունյանը կրկին պնդեց, թե դրանք իրավական գործընթացներ են եղել։

«Մենք հիմա Գյումրիում ավագանուց համայնքի ղեկավար չենք առաջադրել, եթե  առաջադրեինք,  ասելու էին՝ այս ամենն անում եք, որպեսզի գաք իշխանություն զավթեք։ Մենք նման նպատակ չունենք, մենք հանձնում ենք ավագանու լիազորությունների մեր մասը և բոլորս հավասար պայմաններոմ գնում ենք ընտրությունների»։

Գյումրու ավգանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանն առաջարկել էր Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանին տնային կալանքից ազատել, որպեսզի քաղաքը կառավարող ունենա, աշխատավարձեր վճարելու խնդիր չլինի։ Սրա վերաբերյալ էլ Հարությունյանն ասաց, որ անգամ եթե ազատեին, ապա նա օրենքով նման լիազորություն չունի․«Վարդգես Սամսոնյանը համապատասխան գրությամբ կասեցրել է Ջանոյանի պարտականությունները,»։

Ինչ վերաբերում  է աշխատավարձերի վճարելուն, ապա Հարությունյանն ասաց, որ պայմանագրով մինչև ամսի 15-ը ժամկետ կա․«Դեռ օրենքը խախտված չէ։ Կարծում եմ՝  կլինի աշխատավարձ»։

Թե ով է ղեկավարելու համայնքը մինչև արտահերթ ընտրությունները, Հարությունյանն ասաց՝  այս պահին աշխատակազմի ղեկավար կա, նա պաշտոնի անձնագրով  բոլոր լիազորություններն իրականացնում է։ ՓԲԸ-ների տնօրեններն աշխատում են, տրանսպորտի, աղբահանության, հուսով եմ՝ աշխատակիցները մինչև վերջ պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա  ու քաղաքը ցնցման չեն տանի»։

Նշենք, որ ՔՊ կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն  է։

Նորություններ