Մինչև 2026 թվականը մարզերում բացվելու է 25 երիտասարդական կենտրոն | Region

Մինչև 2026 թվականը մարզերում բացվելու է 25 երիտասարդական կենտրոն

Նոյեմբեր 08,2024 20:29

Երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականությունը դրվում է համակարգային հիմքի վրա։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է օրենսդրական փաթեթ, որն ուղղված է երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային և սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ մինչ այժմ երիտասարդության մասին օրենք չի եղել։ Այն լինելու է ոլորտի կարգավորմանն ուղղված մայր օրենք։

«Օրենքը մի շարք խնդիրներ է լուծում, հստակ սահմանում է երիտասարդությանն ուղղված առաջնահերթությունները, հստակեցնում է լիազոր մարմինը, այն է ՝ ԿԳՄՍ նախարարություն, ինչպես նաև սահմանում է այլ դերակատարների լիազորությունները։ Դրանից բացի սահմանում է երիտասարդների տարիքային շեմը՝ 13-35 տարեկան»-ասաց նախարարի տեղակալը։

Արթուր Մարտիրոսյանը նկատեց, որ նախագիծը լայն հանրային մասնակցությամբ է մշակվել՝ ներգրավելով մեծ թվով երիտասարդների։ Նրա կարծիքով՝ սա ոչ միայն երիտասարդների մասին օրենք է լինելու, այլ երիտասարդների կողմից մշակված։ Խնդիր է դրված մարզերում, համայնքներում ապահովել այն միջավայրը, որը հնարավորություն կտա ներգրավել երիտասարդներին, հատկապես նրանց, որոնք ո՛չ աշխատում են, ո՛չ սովորում։ Այդ համատեքստում կարևորվում է երիտասարդական կենտրոնների բացումն ու ակտիվ գործունեությունը։

«Նախորդ տարի 4 կենտրոն ենք բացել, այս տարվա բյուջեով ևս 4 կենտրոն ենք ունենալու։ Հաջորդ տարի նախատեսված է 6 կենտրոնի բացում։ Մեր նպատակն է մինչև 2026 թվականն ունենալ 25 երիտասարդական կենտրոն։ Այն ստեղծվում ու գործելու է պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ։ Առաջարկվող օրենքով սահմանվում է ակնկալիքն այդ կենտրոններից, ընդհանուր նախանշվում են այն ուղղությունները, որոնց հիմքով իրականացվում են տարբեր ծրագրեր»-ասաց նախարարի տեղակալը։

Կենտրոնները շահագործողները՝ երիտասարդների հետ համագործակցությամբ ,վեր են հանելու տվյալ համայնքի, մարզի երիտասարդների պահանջները, կազմելու են ծրագրեր՝ հաշվի առնելով նաև պետության սահմանած  առաջնահերթությունները։ Նպատակն է բացահայտել երիտասարդների ներուժը, զարգացնել նրանց կարողությունները, ապահովել ինտելեկտուալ ժամանց, երիտասարդների քաղաքացիական մասնակցություն, նպաստել, որ երիտասարդները կայանան նաև որպես ինքնակազմակերպող նախաձեռնող խմբեր։

Աշխատանքները լինելու են ամենատարբեր ուղղություններով՝ մշակույթ, առողջ ապրելակերպ, մեդիագրագիտություն, կիբեռանվտանգություն, վերապատրաստման դասընթացներ, հանդիպումներ տարբեր ոլորտների նշանավոր մարդկանց հետ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ և այլն։

Կենտրոնները շահագործողները պետք է պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն ԿԳՄՍ նախարարությանը։

 

 

 

Նորություններ