Եվրոպացիները կշարունակեն աջակցել Ուկրաինային․ ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթն է պատրաստում․Ժոզեպ Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիև այցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն մենք պետք է պատժամիջոցներն օգտագործի, որպեսզի մեկուսացնի Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը այցելել է Ուկրաինա։ Նա, Կիեւում Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է՝ ԵՄ անդամ երկրների միջև դեռևս չկա համաձայնություն ԵՄ ռազմական ուսումնական առաքելությունը Ուկրաինա տեղափոխելու վերաբերյալ։
DW-ի փոխանցմամբ՝ Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը մինչև 2024 թվականի վերջ կվերապատրաստի 75 հազար ուկրաինացի զինվորների։
ԱՄՆ ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի և Կիևին տրամադրվող ամերիկյան օգնության կրճատման հետ կապված մտահոգությունների համատեքստում Բորելը Կիևին վստահեցրել է՝«մեր ուղերձը պարզ է՝ եվրոպացիները կշարունակեն աջակցել Ուկրաինային»։
Կիևում Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի՝Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում։
«Մենք պետք է խստացնենք այդ պատժամիջոցները շրջանցելու միջոցները, քանի որ Ռուսաստանը չի կարող արտադրել առանց օտարերկրյա արտադրանքի մասերի, արտասահմանյան չիպերի և այլ բաղադրիչների։ Այսպիսով, մենք պետք է օգտագործենք պատժամիջոցները, որպեսզի մեկուսացնենք Ռուսաստանի արդյունաբերական հզորությունը այն բաղադրիչներից, որոնք ՌԴ-ն պետք է ներկրի մնացած աշխարհից»,-ասել է Բորելը։
Սա, որպես եվրոպական դիվանագիտության ղեկավար, Բորելի վերջին այցն է Կիև։ Նա այս այցի ժամանակ կոչ է արել արագացնել արևմտյան զենքի մատակարարումն Ուկրաինա և կրճատել նրա առջև դրված «կարմիր գծերը»։