Երևանի քաղաքապետարանն ակնկալում է, որ մետրոյի «Սուրմալու» կայարանի նախագիծն այս ամիս հաստատվելուց հետո, կառուցման մրցութային փուլը կմեկնարկի
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ Մետրոյի «Սուրմալու» նոր կայարանի կառուցման նախագծին, նշվեց, որ այս պահին նախնական բանակցություններ են տարվում նախագծի միջազգային հավանական ֆինանսավորման նպատակով
Մետրոյի «Սուրմալու» նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ձեռքբերման մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը հոմտեմբերի 17-ին մասնագիտական խմբի նիստում քննարկվել է, բյուջետային քննարկումների ժամանակ էլ որոշում է կայացվել, որ նախագիծը վերանայվի, վերամշակվի՝ այնտեղ ներառելով նաեւ որոշակի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն անելու բաղադրիչը: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի խորհրական Անետա Բաբայանը:
Նրա խոսքով, այս փուլում նախագիծը ներկայացվել է արտաքին փորձագիտական համայնքին եւ միջազգային կառույցներին՝ մեկ անգամ ևս ուսումնասիրության ու կարծիքների համար․«Մեր լավագույն պատկերացումներով՝ եթե մինչև ամսվա վերջ մասնագիտական նիստը կայանա և նախագիծը վերամշակված հաստատվի, մենք կգնանք արդեն մրցութային գործընթացի փուլին»։
Բաբայանն ասաց, որ այս պահին նախնական բանակցություններ են տարվում նախագծի միջազգային հավանական ֆինանսավորման նպատակով․«Առաջիկայում պատրաստվում է տեղական այց, որի ընթացքում հանդիպումներ կլինեն և ավելի մանրամասն ծրագիրը կուսումնասիրվի, որպեսզի բանակցությունները մտնեն ավելի դետալացված փուլ։ Քննարկվում է նաև հանրային ներդրումային ծրագիրը, որպեսզի կառավարության ընթացակարգերով հետագա ընթացք ստանա»։