ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն Իրանի պաշտոնական դիրքորոշման մաս է. իրանցի միջազգայնագետ | Region

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն Իրանի պաշտոնական դիրքորոշման մաս է. իրանցի միջազգայնագետ

Նոյեմբեր 11,2024 12:06

Լեռնային Ղարաբաղի շուրջ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արդեն իսկ ներկայացվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի կողմից, որի համաձայն՝ այնտեղի հայ բնակիչներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ, և նրանց իրավունքները, կյանքն ու ունեցվածքը պետք է հարգվեն ու պահպանվեն։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հարձակմանը և դրա հետևանքով տեղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, միջազգայնագետը հիշեցրեց Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հայտարարությունն այն մասին, որ  Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ, և նրանց իրավունքները պետք է հարգվեն:

«Սա այն է, ինչին մենք հավատում ենք, սակայն, այդուհանդերձ, մենք դա իրականացնելու համար գործիքներ չունենք: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության պարտականությունն է պաշտպանել այդ մարդկանց, օրինակ, դիմել միջազգային դատարաններ, օգտագործել միջազգային իրավունքն ու կանոնները, բողոքներ ներկայացնել, ստիպել Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները։ Սա է Իրանի դիրքորոշումը»,-ընդգծեց Էհսան Մովահեդիանը:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի բռնի տեղահանմանը։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մեծ մասը հաստատվել է Հայաստանում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ներկա պայմաններում իրատեսական չի համարում ԼՂ հայերի վերադարձը իրենց տներ։ 

Նորություններ