Գագիկ Ծառուկյանի որդուն և նրա թիկնապահների նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Իրավապահները փնտրում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդուն ու նրա թիկնապահներին՝ երեք շաբաթ առաջ Ծաղկաձորի խաղատներից մեկում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Եթե գտնեն՝ կկալանավորեն, դատարանի որոշումը կա:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն անուններ չտվեց, ասաց՝ նախաքննության շահերից չի բխում: Իսկ կատարվածի վերաբերյալ, Քննչական կոմիտեն հոկտեմբերի վերջին է ոստիկանությունից հաղորդում ստացել:
«Քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և կողոպուտի հատկանիշներով, հինգ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում», – ասաց Աբրահամյանը:
«Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ նաև կրակոցներ են հնչել, տուժողներ կա՞ն»,- հարցրինք Քննչական կոմիտեի մամուլի խոսնակից: «Ոչ, կրակոցները այնպես են հնչել, որ դրանց հետևանքով տուժողներ առկա չեն», – պատասխանեց Գոռ Աբրահամյանը:
Մեծահարուստ գործարարի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը պնդում է՝ նրան փնտրելու կարիք չկա, միջադեպից 2 օր անց գործուղման է մեկնել՝ կվերադառնա ու կներկայանա իրավապահներին, թե երբ, չասաց: Իսկ միջադեպն, ըստ փաստաբանի, կենցաղային հարցի շուրջ է եղել:
«Հինգ անձից 3-ը օրեր առաջ ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, 4-րդ անձի համար արդեն իսկ տոմսը կա, ես ներկայացրել եմ և՛ վարույթ իրականացնող մարմնին, և՛ ոստիկանության աշխատակիցների, որ 14-ի լույս 15-ի գիշերը ժամանելու է Հայաստան հատուկ այս գործի համար և հաջորդիվ գործուղումն ավարտելուց հետո համապատասխան դիմումով կներկայացվի, թե Նվեր Ծառուկյանը երբ է ներկայանում: Գործուղման կարիքն առաջացել է միջադեպի օրվանից առաջ. «Մուլտիգրուպ կոնցեռնի» բաժնեմասի տեր է: վարկածը, որ իբր միջադեպ է եղել ու Նվեր Ծառուկյանը փախուստի նպատակով է երկիրը լքել, իրականությանը չի համապատասխանում, որովհետև եթե էդ նկարագրված լուրջ միջադեպը լիներ, էդ միջադեպից հետո անձինք ձեռնամուխ կլինեին երկիրը լքելու», – նշեց Խաչատրյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում