Փաշինյան․«Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության և խաղաղ գոյակցության համար ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն»
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձավ Կազանում Ալիևի հետ ունեցած խոսակցությանն, ասելով՝ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը ըստ էության կարող է փոխադարձ և լիարժեքորեն լինել ընդունելի, այս առաջարկը գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին
«BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելը համարում եմ շատ կարևոր և արդյունավետ։ Ուզում եմ գոհունակությունս արտահայտել Ադրբեջանի նախագահի հետ ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ»,-այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ Ալիևի հետ այդքան երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չէր ունեցել․« Ընդ որում, մենք զգում էինք, գոնե ես, որ մի փոքր կոռեկտության խնդիր կա, որովհետև մյուս լիդերները ելույթ են ունենում, մենք այդ ընթացքում մտքեր ենք փոխանակում։ Բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ»։
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչի մասին էր խոսում Ալիևի հետ․«Ամենակարևորը՝ միտք է հնչել, ես կարծում եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության և խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, իմ կարծիքով՝ ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակներում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում պատրաստվում կողք կողքի ապրել։ Սա ամենակարևոր և ֆունդամենտալ հարցն է։ Այդ ռազմավարական գործարքի մասին մեր պատկերացումը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա»։
Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն հայտարարել է, որ մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստի համաձանեցմանը, իսկ ինքը՝ Փաշինյանը հավելեց՝ Խաղաղության պայմանգարի մնացած երկու հոդվածների վերաբերյալ հայկական կողմի առաջարկները Ադրբեջանին են փոխանցել երկուշաբթի օրը։
Վերադառնալով BRICS-ի գագաթնաժողովին, Փաշինյանն ասաց․«Կազանում տեղի ունեցած մյուս կարևոր իրադարձությունն այն էր, շատ նման է նրան, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որը ըստ էության կարող է փոխադարձ և լիարժեքորեն լինել ընդունելի։ Այս առաջարկը գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին»։