«Ճիշտ եմ արել»․Փաշինյանը Աժ-ում խոսել է նոյեմբերի 9-ի հրադադարի կնքման, պարգևավճարների ու թոշակների մասին | Region

«Ճիշտ եմ արել»․Փաշինյանը Աժ-ում խոսել է նոյեմբերի 9-ի հրադադարի կնքման, պարգևավճարների ու թոշակների մասին

Նոյեմբեր 14,2024 15:49

ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ճիշտ է արել, երբ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրել է փաստաթուղթը,  նշելով՝ ասել եմ՝ այս պահին ինձ ոչ մի կարծիք չի հետաքրքրում

«2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ասել եմ` այս պահին ինձ ոչ մի կարծիք չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և այս թուղթը ստորագրելու եմ: Համարում եմ, որ ճիշտ եմ արել, ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է։ Բայց պահեր են գալիս, որ պետք է ուղղակի դու վերցնես պատասխանատվություն»,-այս մասին այսօր ԱԺ-ում ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետությունը չի կարող գոյություն ունենալ առանց պատասխանատվության․«Մենք չենք կարող ասենք՝ ի՞նչ է քեզ պետք, բոլորին ամեն ինչ տանք»։

Ապա նա անդրադարձավ պարգևավճարների քննադատություններին, ասաց՝ երեկ էլ շատ խոսվեց աշխատավարձերի ու պարգեւավճարների մասին․«Ես լսում էի ու ասում՝ իսկականից, էս մարդիկ ճիշտ են ասում: Ֆինանսների նախարարին ասացի՝ տուր տվյալները, թե ինչքան աշխատավարձ է ստանում պետական մարմինը: Մենք վերցրեցինք սոցիալ-տնտեսական բլոկը, ուժային կառույցները հանեցինք: Եթե հիմա կտրենք ամբողջ աշխատավարձը, պարգեւավճարները, ավտոներն էլ հետ, դրանց սպասարկման ծառայությունն էլ հետը՝, այդ ամբողջ գումարը դնենք թոշակի վրա, թոշակառուների թոշակը կարող ենք բարձրացնել 9 հազար դրամով: Բայց թոշկառուները դա չեն ստանա, որովհետեւ թոշակը հո մենակ թոշակ չի, թոշակը, փողը հավաքելը ծախս ունի: Նախ պետական եկամուտներ չեն հավաքվի, որովհետեւ չկա ՊԵԿ։ Ինչքան էլ կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվի, որովհետև , այսօր ՊԵԿ-ում կամ աշխատողներ, որ ստանում են ընդհուպ 1 մլն դրամ աշխատավարձ եւ մենք իրեն ծնկաչոք խնդրում ենք, ասում ենք՝ հանկարծ գործից դուրս չգաք: Բյուջե ընդհանրապես չի լինի, բոլոր դպրոցները կփակվեն, ճանապարհ ընդհանրապես չի կառուցվի»:

Դիմելով ընդդիմությանը, Փաշինյանն ասաց՝ թող ընդդիմությունն առաջարկ անի․«Եկեք ամբողջ աշխատակազմը, բացի ՊՆ-ից ու ՆԳՆ-ից, ամբողջ աշխատակազմի ֆոնդը, պարգևավճարները, ծառայողական մեքենաներն ու դրանց ծախսերը՝ բենզիով, ամեն ինչով, եկեք նախաձեռնենք, կրճատենք։ Բայց ես երաշխավորում եմ՝ ոչ մի թոշակառու իր թոշակը չի ստանա։ Սա արդեն նույնիսկ դեմագոգիա չի»։

Փաշինյանը վստահեցրեց՝ եթե միայն պարգեւավճարները կտրեն, թոշակները կարող են ավելացնել 1000 դրամով, ապա հիշեցրեց, բայց մենք ուրիշ բան ենք արել, հետվճարի համակարգ ենք ստեղծել, թոշակառուն նախորդ տարվա ընթացքում միջինը 3 հազար դրամ հետ է ստացել գումարը․«Այսինքն էդ 1000 դրամը չենք տվել, ծախսել ենք, որի արդյունքում 3000 դրամ վերադարձրել ենք։ Սխա՞լ ենք արել»։

Նա հայտարարեց՝ 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ  2023  թվականին նվազագույն թոշակը գերազանցել է պարենային նվազագույն զամբյուղը․«Սա նշանակում է, որ առաջին անգամ ՀՀ-ն 2023-ին իր թոշակառուին տվել է այնքան թոշակ, որ նա դրանով ի վիճակի լինի այնքան կալորիա ձեռք բերել, որ չմահանա»։

 

Նորություններ