Եվրաինտեգրված բոլշևիկները | Region

Եվրաինտեգրված բոլշևիկները

Փետրվար 21,2018 15:43

Հայաստանում «եվրոպական արժեքների լուսաբաց է»: «Երկիր Ծիրանիի» կանայք գուցե առաջիններից էին, որ զգացին «եվրաինտեգրված» Հայաստանի իշխանությունների «քնքշության» առաջին պտուղները: Լրագրողներն էլ շուտով կզգան «ժողովրդավարական արժեքների» ամբողջ հմայքը, երբ այլևս լրատվամիջոցների համար փակ կլինեն կառավարության նիստերը:

Ով կմտածեր, որ Եվրոպան «փափուկ ուժի» գործադրմամբ ոչ միայն «կպարտադրեր» Սերժ Սարգսյանին ստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, այլև կկարողանար տեղափոխել նրան «եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգ» և երեք ամսում այնպես «կեվրաինտեգրեր», որ Հայաստանի քաղաքացիներն ամեն անգամ սեփական իշխանություններին անիծելիս լրջորեն առիթ կունենային նաև խորհելու, թե ի վերջո ինչ ասել է «եվրոպական արժեհամակարգ»:

«Եվրոպական արժեքները»

Մինչև մեր եվրոպական դռնով ներս մտնելն առնվազն մի քանի անգամ հայտարարեցին, որ Եվրոպան դուռը փակել է Հայաստանի առաջ: Հետո կիսաբաց արեցին, չնայած որ մեծ հաշվով մեզ մոտ ոչինչ չէր փոխվել:

Իսկ 2017թ.-ի նոյեմբերի 24-ի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումն արդեն մեր իշխանությունների գործընկեր եվրաչինովնիկներին մի կողմից ինքնավստահություն ներշնչեց, մյուս կողմից օժտեց «անվերապահ հաղթողի» և, ինչու չէ, տարածաշրջանում «խաղացողի» հեղինակությամբ:

Բայց Ս. Սարգսյանը «և… և» արեց եվրապաշտոնյաներին

Այս ամբողջ ժամանակահատվածում Ս. Սարգսյանը գործում է «և…և»-ի քաղաքականությամբ:

Մեկնարկ է տալիս ՀՀ կառավարման խորհրդարանական ժողովրդավարական համակարգին, որպեսզի հավերժանա մեկ անձի իշխանությունը:

Հետո կառավարության նիստերը դարձնում դռնփակ, որպեսզի կասեցնի «կառավարության դռնբաց նիստերի հակաժողովրդավարական բնույթի շարունակականությունը»:

Կփակեն նաև համայնքապետարանների դռները համայնքի բնակիչների, լրագրողների, ինչու չէ, եթե պետք լինի, ավագանու անդամների առաջ. հղում կանեն ներքին կանոնակարգին, կանոնակարգն էլ՝ եվրոպական ճռճռան օրենքներին, ու դարձյալ Եվրոպան կլռի:

Անկախ դատարանները կայացնելու դրույթի տակ դատավորները դրամական տույժերի կենթարկեն փաստաբաններին:

Եվ ի վերջո ազատ խոսքի իրավունքով ՊՆ-ի պաշտոնյան էլ կպաշտպանի Ֆեյսբուքում իր «շեֆին» և մի քանի սպառնալիք կհնչեցնի «Մեդիալաբ»-ի խմբագրի, անձնակազմի, ընտանիքի և 14-ամյա դստեր հասցեին ու կմնա անպատիժ:

Ո՞վ է ում դաշտում

Այսքանից հետո անշուշտ արժե խորհել, թե արդյոք Եվրոպան իր «փափուկ ուժի» գործադրմամբ կամ «եվրոպական քաղաքակրթության» թափանցիկ արժեքներով ի վիճակի եղավ պայքարել Լենինյան կոմերիտական երիտասարդական միության դպրոցի հետևորդ Սերժ Սարգսյանի մեթոդների դեմ: Թե՞ Ս. Սարգսյանը «և… և» արեց նաև եվրապաշտոնյաներին՝ եվրոպական արժեքների հետ:

Խոշոր հաշվով, Հայաստանի քաղաքացիների համար «ազատ և ժողովրդավարական» երկիր ունենալու հեռանկարն այսօր նույնականացվում է խորհրդային անցյալից ժառանգած միակուսակցական այն համակարգի հետ, որի կենտրոնը դարձյալ «վերջին բոլշևիկն» է: Այսքանից հետո հարց է ծագում, թե Հայաստանի շարքային քաղաքացու էլ ինչի՞ն էր պետք եվրաինտեգրվելը:

Եվ առհասարակ հարց է նաև այն՝ Հայաստա՞նն է հիմա գործում եվրոպական արժեհամակարգում, թե՞ եվրապաշտոնյաներն են փոխել իրենց արժեհամակարգը՝ ընտրելով մեր իշխանությունների խաղի կանոնները:

«Եվրոյի ուժով» եվրոպական քաղաքակրթություն ստեղծելու, «ժողովրդավարական ու ազատ» Հայաստանի տեսլականով կոռումպացված համակարգն էլ ավելի ամրապնդելու հեռանկարն, ինչ խոսք, հուսադրող է ու ձեռնտու հենց իշխանությունների համար: Իսկ եթե այս ամենը տեղավորվում է նաև եվրոպական արժեհամակարգո՞ւմ, ուրեմն արժե լրջորեն խորհել նաև «եվրոպական արժեքներ» ասվածի շուրջ:

Եթե դրանք սկսվում և ավարտվում են գոհ կողմերի համաձայնությամբ ու պայմանավորվածությամբ, ապա հարց է ծագում, թե այստեղ որտեղ է, ի վերջո, ժողովրդավարական Հայաստանի շահը:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ