Չես կարող ստորագրել մի փաստաթուղթ, որը կզսպի Ադրբեջանի ախորժակը. ԱԺ պատգամավոր
«Պաշտոնական Երևանը Բաքվին փոխանցում է միայն մեկ ուղերձ, որ պատրաստ է ցանկացած գնով ստորագրել մի փաստաթուղթ, որի անունը կդնեն խաղաղության պայմանագիր»,-REGIONS TV-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պետք է այդ փաստաթուղթը երկրի ներսում օգտագործելու, նախընտրական փուլի մեջ մտնելու և իշխանությունը պահպանելու համար:
«Եթե բանակցություններ են, ապա որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ ի՞նչ է զիջում Ադրբեջանը: Իրականությունն այն է, որ Ադրբեջանը որևէ բան չի զիջում, միայն ավելացնում է իր պահանջները: Երևանը պատրաստ է ամեն ինչ զիջել, միայն թե Ադրբեջանը ստորագրի որևէ փաստաթուղթ: Եթե Ադրբեջանից հիմա գա մեկ կետանոց փաստաթուղթ, իրենք պատրաստ են դա ստորագրել»,-նշեց Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով՝ Բաքուն այս փուլում ձգտում է ոչ թե խաղաղության փաստաթղթի ստորագրմանը, այլ փորձում է ոչնչացնել բոլոր իրավական հիմքերը, փակել բոլոր դռները, որոնք եթե ոչ հիմա, ապա գոնե տարիներ անց Հայաստանին կարող են հնարավորություն տալ վերականգնել արդարությունը:
«Ադրբեջանական պահանջները սկիզբ ունեն, վերջ չունեն, չես կարող ստորագրել մի փաստաթուղթ, որը կզսպի Ադրբեջանի ախորժակը, չես կարող փաստաթուղթ ստորագրելով՝ կանխել ագրեսիան, պատերազմը կանխում է ուժերի բալանսը»,-ընդգծեց Վարդանյանը: