Գյումրիում Տիգրան Մեծի շենքի ամրացման համար գումար կհատկացվի․կառավարությունը գումար կհատկացնի 4 մարզերում համար ծրագրերի համար
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրերի իրականացման 248 մլն դրամ հատկացնել
Կառավարությունը հանրապետության մի շարք մարզերում հրատապ ծրագրեր իրականացնելու համար գումար կհատկացնի։
Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նշելով՝ բյուջեում վերաբաշխում է կատարվում, որի շրջանակներում Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրերի իրականացման 248 մլն դրամ կհատկացվի: Ծրագիրն իրականացնելու է Տարածքային զարգացման հիմնադրամը:
Սանոսյանի ներկայացմամբ՝ Շիրակի մարզին կհատկացվի՝ 150 մլն դրամ, Լոռու մարզին՝ 18 մլն 970 հազար դրամ, Սյունիքի մարզին՝ 51 մլն դրամ և Տարածքային զարգացման հիմնադրամին՝ 28 միլիոն դրամ:
Ծրագրերից մեկով, ինչպես նշեց նախարարը, ջրհեղեղից տուժած Լոռու մարզի Քարկոփի դպրոցի մասնակի վերանորոգման համար գումար պիտի հատկացվի շինարակական կազմակերպությանը․«Դպրոցում արդեն շինարարական աշխատանքներն ենք անում»։
Սանոսյանի ներկայացմամբ՝ Սևանում կոյուղին է վթարվել, բնակավայրի տարածքում խնդիր կա, պետք է արագ վերականգնել։
«Գյումրիում Տիգրան Մեծի շենքը վթարայնություն ունի, բայց հուշարձան է, պետք է այդ շենքը ամրացնենք, որպեսզի չքանդվի»,-ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 6 հրատապ ծրագրերը, ըստ այդմ՝ նախատեսվում է՝ Շիրակի մարզի Անի համայնքի Սարակապ բնակավայրի խմելու ջրի ջրատարի և Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման, ներքին ցանցի կառուցապատում, Գյումրիի Տիգրան Մեծ համար հինգ շենքի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող թվով երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքներ, Սիսիանում՝ շենքերի 2 տանիքի վերանորոգում, Մեղրիում Ադելյան 5 հասցեի մանկապարտեզի հարակից տարածքի դրենաժային համակարգի կառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերում, Սևանի կոյուղատարի վերանորգում։