Հրաժարականից հետո Արգիշտի Քյարամյանին ծափերով են հրաժեշտ տվել | Region

Հրաժարականից հետո Արգիշտի Քյարամյանին ծափերով են հրաժեշտ տվել

Նոյեմբեր 18,2024 20:25

Քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարականից հետո խորհրդակցություն է անցկացրել ու հայտարարել՝ բազմաթիվ ուղղություններով արձանագրվել են համակարգի ուժեղացմանը միտված  նշանակալի արդյունքներ

Քննչական կոմիտեի  նախագա Արգիշտի Քյարամյանը, որն այսօր հրաժարականի դիմում է ներկաացրել աշխատանքային վերջին խորհրդատվությունն է անցկացրել։ Այս մասին հատնում է ՔԿ-ն։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է․«Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային վերջին խորհրդակցությունը՝ հայտնելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու իր որոշման մասին։

Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված համատեղ աշխատանքի, Քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված նախաձեռնությունները համատեղ կյանքի կոչելու և միասնաբար իրենց առջև ծառացած բարդ խնդիրները հաղթահարելու համար»։

Ըստ նույն աղբյուրի՝ Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ բազմաթիվ ուղղություններով արձանագրվել են համակարգի ուժեղացմանը միտված իր նպատակներից բխող նշանակալի արդյունքներ՝ կապված համակարգը պրոֆեսիոնալ մասնագիտական ներուժով հագեցնելու, կադրային համալրման և առաջխաղացման արդար և միասնական սկզբունքներ արմատավորելու, Կառավարության աջակցությամբ քննիչների սոցիալական երաշխիքներն ավելացնելու, Քննչական կոմիտեում թիմային աշխատանքի սկզբունքներ ու մոտեցումներ ներդնելու հետ։

Նա նաև նշել է, որ համատեղ ուժերով հաջողվել է ապահովել Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի սահուն կիրարկումը՝ խուսափելով աշխատանքային գործընթացի խաթարումներից ու լուրջ խնդիրներից, իսկ մասնավոր մեղադրանքով վարույթներ քննող դատավորների ինստիտուտի ներդրման շնորհիվ ստեղծվել են քննիչների ծանրաբեռնվածության էական նվազման նախադրյալներ։

Արգիշտի Քյարամյանը կարևոր արդյունքներից է համարել նաև, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, միասնական նախաքննական մարմնի ստեղծումը և նախաքննությունը գերատեսչական ենթակայությունից և շահերից հանելու՝ ի սկզբանե նախանշված նպատակադրման իրագործումը, ինչպես նաև «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծումը, որը մտել է տեխնոլոգիական հագեցման շրջափուլ և զարգացման նախանշված ծրագրերի հետագա իրականացման պարագայում էականորեն բարձրանալու է Կենտրոնի կողմից իրականացվող փորձաքննությունների որակն ու արագության մակարդակը։

«Արգիշտի Քյարամյանը նաև կարևորել է այս ընթացքում 2020թ․ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով կատարված հսկայածավալ աշխատանքը, որի արդյունքներն ու արձանագրումներն ունենալու են պատմական նշանակություն, իսկ անձամբ իր համար լիարժեք անաչառ քննությամբ ընդհանուր պատկերի և խնդիրների վերհանումը եղել է բացարձակ առաջնահերթություն։

Պարոն Քյարամյանը հորդորել է գործընկերներին՝ նույն նախանձախնդրությամբ ու նվիրվածությամբ շարունակել ծառայել պետականությանը, կենսագործել կիսատ մնացած ծրագրերը և նպաստել ՀՀ քննչական կոմիտեի շարունակական զարգացմանը։

Խորհրդակցության մասնակիցները ծափերով են հրաժեշտ տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին»,-գրված է հաղորդագրության մեջ։

Նորություններ