Սևանա լճին առնչվող բնապահպանական խնդիրները՝ «Մարզային կյանքն իրականում» նախագծի դիտակետում
Սևանա լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն են գործում կոյուղաջրերը, հանքանյութերի արդյունահանման հետևանքով առաջացած վտանգավոր նյութերը, ափամերձ անտառների հատումն ու ջրածածկումը, ձկնապաշարի նվազումը և տարբեր այլ գործոններ:
Խնդրի մասնակի լուծում է ափամերձ տարածքներում գործող օբյեկտներում մաքրման լոկալ կայանների տեղադրումը, սակայն դա ոչ բոլոր տնտեսվարողներին է հասանելի:
Մեր ազգային հարստություններից մեկը՝ Սևանա լիճը, որին առնչվող բնապահպանական խնդիրները տասնամյակներ շարունակ մնում են չլուծված, խնամքի և հոգածության կարիք ունի բոլորի կողմից՝ և՛ պետական կառույցների, և՛ յուրաքանչյուր բնակչի ու զբոսաշրջիկի:
«Մարզային կյանքն իրականում» նախագծի շրջանակում Սևան քաղաքում դեկտեմբերի 6-ին տեղի կունենա հերթական բանավեճ-քննարկումը, որի ընթացքում կքննարկվեն Գեղարքունիքի մարզում առկա անվտանգային և Սևանա լճին առնչվող բնապահպանական խնդիրները: «Թիմ Ռեսուրս» ՀԿ–ն և RegionsTV-ն հրավիրում են բոլոր մտահոգ քաղաքացիներին մասնակցելու միջոցառմանը՝ օրակարգային թեմաները բարձրաձայնելու, վերլուծելու և քննարկելու համար: