Վրաստանը մտել է քաղաքական ճգնաժամի մեջ՝ կեղծված ընտրությունների հետևանքով․ Գիորգի Թումասյան | Region

Վրաստանը մտել է քաղաքական ճգնաժամի մեջ՝ կեղծված ընտրությունների հետևանքով․ Գիորգի Թումասյան

Նոյեմբեր 21,2024 20:45

Ընդդիմության նպատակը Վրաստանում դիմադրության շարժման արդյունքում նոր ընտրությունների հասնելն է

Վրաստանում ընդդիմության փողոցային ցույցերը չեն հանդարտվում. Նոյեմբերի 19-ի գիշերը ցուցարարներին հաջողվել է գրավել Թբիլիսիի պետական ​​համալսարանի շենքը։ Ամբողջ գիշեր քաղաքում բախումներ են եղել ոստիկանության հետ, կան բերման ենթարկվածներ։ Նոյեմբերի 20-ին, առավոտյան ժամը վեցի սահմաններում նորից Թբիլիսիի ոստիկանությունը ցուցարարներին դուրս է մղել Ճավճավաձեի պողոտայից։ Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույցի մասնակիցները ցրվել են։

Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները, պնդելով, որ դրանք կեղծվել են։

Մեկնաբանելով Վրաստանում տիրող իրավիճակը՝ վրացի հասարակական գործիչ, միջազգային հարաբերությունների մասնագետ, Վրաստանի հայ համայնքի հարթակի նախագահ Գիորգի Թումասյանը REGIONSTV-ին տված հարցազրույցում նշում է՝ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը։

Գիորգի Թումասյանի խոսքով․«Վրաստանը քաղաքական ճգնաժամի մեջ մտավ կեղծված ընտրությունների հետևանքով երկրում այժմ բողոքի զանգվածային ցույցերը շարունակվելու են։ Սա երկարաժամկետ գործընթաց է և կապված է բոլոր այն ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադարձությունների հետ, որոնք բխում են կեղծված ընտրություններից, ինչպես նաև այն հակաժողովրդավարական կուրսի հետ, որը ներկայիս իշխանությունն ընտրել է Վրաստանի համար»։

Անդրադառնալով Վրաստանում նոր ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին՝ Թումասյանն ասաց, որ վրացական ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից և պահանջում է նոր ընտրություններ։

«Միջազգային հանրությունը՝ Վրաստանի նախագահի գլխավորությամբ, չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները, սակայն, ամենայն հավանականությամբ, «Վրացական երազանքի» ներկայիս կառավարությունը կհրաժարվի նոր ընտրությունների ցանկացած սցենարից։ Եվ մենք մտնելու ենք երկարաժամկետ քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ։ Միևնույն ժամանակ, չի ճանաչվի անցած ընտրությունների լեգիտիմությունը և, համապատասխանաբար, նրանց իշխանությունը»,- նշում է Թումասյանը։

Վրաստան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայց է ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նախագահից հետո Վրաստանի խորհրդարանի 30 ընդդիմադիր պատգամավորներ ևս հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով։ Մինչ այդ բողոքի ցույցերը պետք է շարունակվենում է։ Ընդդիմության նպատակն է քաղաքական լարվածությունը պահպանել մինչև նոյեմբերի 25-ը, այդ օրը նորընտիր խորհրդարանի առաջին նիստն է։

Գիորգի Թումասյանը նաև նշում է՝ընդդիմության նպատակն է Վրաստանում դիմադրության շարժման արդյունքում նոր ընտրությունների հասնելը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանի կառավարությանն աջակցող ծրագրերի ֆինանսավորումը։ Ըստ Թումասյանի՝ Եվրամիությունը ոչ միայն դադարեցրեց Վրաստանին ֆինանսավորելը, այլեւ կդադարեցվեն բոլոր ծրագրերը, բոլոր նախագծերը, բոլոր աջակցությունները Վրաստանին․«Ընդդիմությունն օգտագործելու է այս բոլոր հնարավորությունները՝ գործընթացը երկարաժամկետ մոբիլիզացնելու և այնպիսի միջավայր ստեղծելու համար, որ իշխանությունները ստիպված կլինեն ընդունել ընդդիմության առաջադրած պայմանները՝ անցկացնել նոր ընտրություններ և հրաժարվել իշխանության յուրացումից»։

Զաբելա Ավագյան

Նորություններ