Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ | Region

Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ

Նոյեմբեր 28,2024 11:41

Կառավարության նիստում վարչապետը նշանակումներից հետո հայտարարեց՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը պետք է լինեն նույնական

Կառավարության այսօրվա նիստում Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ։

Նրանք իրենց համակարգերում նոր մարդիկ չեն․ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պողոսյանը երկու տարի է՝ գլխավոր դատախազի տեղակալն է, իսկ Հակաբյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալը։  Արթուր Պողոսյանը մինչ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը եղել է  ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավար։

Արթուր Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նշանակման համար ու հավաստիացրեց՝ մասնագիտական ողջ փորձն ու ներուժը ծառայացնելու ՀՀ օրինականության ամրապնդման իրավակարգի հաստատմանն ու քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացմանը․«Վստահեցնում եմ՝ իմ գոծունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքերով և անշեղ իրագործմամբ, նպաստելու հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է՝ ՀՀ-ում հաստատվի համատարած արդարության զգացում, արդարություն և արդարադատություն հասկացությունները լինեն համարժեք․«ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը պետք է լինեն նույնական, և սա միայն Քննչական կոմիտեի լուծելի խնդիրը չէ»։

ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ վստահեցրեց՝պատրաստ եմ ողջ ներուժով առաջնորդել ՊԵԿ-ը և մեր թիմը՝  թիրախում ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի եւ կարողությունների շարունակական զարգացումը, կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական և ծանրակշիռ պայքարը։

Հիշեցնենք, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ  Արգիշտի Քյարամյանը․ ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը աշխատանքից ազատման դիմում էին գրել Փաշինյանի խնդրանքով․ վարչապետը նրանց sms էր ուղարկել։

Նորություններ