Կառավարության նիստում անդրադարձ կատարվեց աղմուկ հանած զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնությանը
Վարչապետն առաջնության մասին ասաց՝ սա բանակում ծառայող մարզիկների առաջնություն է, ոչ թե առաջնություն մարզիկների, որոնք բանակ են գնում մրցմանը մասնակցելու համար
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սպորտի միջազգային խորհրդի զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնությանը։
Նա ասաց, որ դրա հետ կապված լրահոսում տարօրինակ վերնագրեր է տեսել, որ մեր հայտնի մարզիկները զորակոչվում են բանակ․«Սա ինձ տարօրինակ թվաց, որովհետև անհասկանալի էր, թե ինչ է տեղի ունենում, և հետո պարզվեց, որ հիմնական խնդիրը այդ մարզիկների բանակային աշխարհի առաջնությանը մասնակցելն էր։ Անկեղծ ասած, ես այստեղ դիսոնանս տեսա, որովհետև ես դրա մեջ որոշակի կեղծ վերաբերմունք տեսա ՀՀ բանակի նկատմամբ, և այս առաջնության նկատմամբ»:
Փաշինյանի խոսքով՝ հարցը քննարկելով եկել են այն եզրակացության, որ սա պետության ռեպուտացիայի հարց է նաև․«Որովհետև, ըստ էության, եթե մենք այս վերաբերմունքով առաջ շարժվենք, ստացվում է, որ ՀՀ կառավարությունը, որը ինքը այսպես ասած արդարության և ֆեյքազերծման ջատագով է, կարող է հայտնվել սխալ իրավիճակներում, որովհետև սա առաջնություն է ոչ թե մարզիկների, որոնք բանակ են գնում մրցմանը մասնակցելու համար, այլ սա առաջնություն է մարզիկների, որոնք ծառայում են բանակում և բանակում ծառայելու բերումով են այդ մրցումներին մասնակցում»։
Ըստ վարչապետի՝ հարցը հետևյալն էր՝ մենք ինչպե՞ս կարող ենք բանակը դարձնել ընդամենը մրցման մասնակցելու գործիք․«Որովհետև մեր հարգելի մարզիկները մեկ, երկու, երեք անգամ տարկետում են ստացել զինծառայության։ Այսինքն, եթե կա բանակում սովորական ծառայելու խնդիր, մենք օրենքով սահմանված կարգով տարկետում ենք տալիս նրանց, բայց եթե կա մրցման խնդիր, մենք նրանց զորակոչում ենք բանակ: Այստեղ դիսոնանս է առաջանում, և մեր քաղաքական ընդհանուր մոտեցումն այն էր, որ մեր հավաքականը ճշգրիտ պետք է համապատասխանի միջազգային այս կազմակերպությանը, կանոնադրությանը և տառին և ոգուն համապատասխանող տրամաբանությանը։ Արդյունքում պարզվեց, որ մեր բանակում կան մարզիկներ, որոնք կարող են համաշխարհային հարթակում բարձր տեղեր զբաղեցնել։ Եթե մենք չգնայինք այս տրամաբանությամբ, նաև այս մարզիկներից շատերի մասին մենք չէինք էլ իմանա, քանի որ կստացվեր, որ բոլոր հնարավոր տեղերում նույն անունները մենք ձևակերպում ենք և նույն մարդկանց ենք հնարավորություն տալիս»։
Նա ասաց, որ չեն կարող թույլ տալ, որ կառավարությունը ներգրավված լինի որևէ ֆեյք գործընթացի մեջ․«Այդ որոշումն այս տրամաբանությամբ արդարացվեց, բայց եթե նույնիսկ չարդարացվեր, այսինքն ոչ մի մեդալ մենք չնվաճեինք, միևնույն է, դա ճիշտ մոտեցում է դա է պետական մոտեցումը»։
Հիշեցնենք, որ Եվրոպայի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը հայտարարել էր՝ «Անհայտ և մեզ համար անհասկանալի պատճառներով մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են Երևանում կայանալիք Բանակայինների Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Միշտ պատրաստ ենք եղել բարձր պահելու մեր երկրի պատիվը։ Մեր թիմը պատրաստ էր մասնակցել Երևանում կայանալիք Բանակայինների Աշխարհի առաջնությանը։ Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա»։