«Բերքի» բաշխումը «Ծառուկյան» դաշինքում Ս. Սարգսյանի ճաշակո՞վ է | Region

«Բերքի» բաշխումը «Ծառուկյան» դաշինքում Ս. Սարգսյանի ճաշակո՞վ է

Մայիս 03,2017 14:21

Ազատ ու լեգիտիմ ընտրությունների վերջին ակորդը տրվեց «Ծառուկյան» դաշինքի կողմից, երբ պարզ դարձավ, որ 11 հոգի, ովքեր ընտրվել են պատգամավոր, տեղեկություն չունեին, որ իրենց անունից ու ստորագրությամբ դիմումներ են գնացել ԿԸՀ առ այն, որ իրենք հրաժարվում են պատգամավորական մանդատից եւ ինքնաբացարկ են հայտնում:

Մարդիկ, ովքեր «փեշով փող են» ծախսել, դարձել պատգամավոր, հիմա որոշել են ինքնաբացարկ ներկայացնել ու չգնալ խորհրդարան, այն դեպքում, երբ քաղաքական ուժը, որը ներկայացնում են հիշյալ անձինք, հրաժարվում է դաշինք կազմել իշխանությունների հետ: Սա ի սկզբանե անտրամաբանական էր:

Ինքնաբացարկ հայտնողների տրամաբանությունը

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պահով ինքնաբացարկների դիմումներն ավելի տրամաբանական են. մարդիկ, ովքեր թողնում են խորհրդարանական պաշտոնը, աշխատանք կունենան գործադիրում: «Ծառուկյան» դաշինքի պահով մանդատից հրաժարվել նշանակում է գնալ նստել տանը: 23 նման դիմում է գնացել ԿԸՀ «Ծառուկյան» դաշինքից:

Նրանցից Նապոլեոն Ազիզյանն ու Խաչիկ Մանուկյանն առաջինը բարձրաձայնեցին, որ դիմում չեն գրել, իրենց փոխարեն գրել են: Այնուհետ նրանց թիվը հասավ 11-ի:

Ծառուկյանական «բերքի» բաշխումը եղել է Ս. Սարգսյանի՞ քմահաճույքով

Ինչո՞ւ առհասարակ նման խնդիր առաջացավ «Ծառուկյան» դաշինքի ներսում: Մի՞թե մինչեւ ցուցակը ներկայացնելը դաշինքում չկային առնվազն 3-5 հոգի օրենք իմացող մարդիկ, որպեսզի լավ ծանրութեթեւ անեին ցուցակում պատգամավորացուների հերթականությունը որոշելիս:

Արդյոք «Ծառուկյան» դաշինքի ներսում մանդատների բաշխումն ընկալում են որպես աշնանային բերքի բաշխում եւ ոտքի վրա որոշում են կայացնում՝ ում տալ խնձոր, ում տալ տանձ եւ ում պարզապես զրկել մրգից:

Այն փաստից, որ ինքնաբացարկի մասին տեղյակ չէին դիմում գրողները, կարելի է ենթադրել, որ դաշինքից չէին հասցրել նրանց տեղյակ պահել, որ իրենց անունով դիմում են տվել, եւ չէին փորձել անգամ համոզել, որ թողնեն մանդատները:

Արդյոք նոր ցուցակ է կազմվել Ծառուկյան — Սարգսյան ընկերակցությամբ:

Մյուս տարբերակն այն է, որ «Ծառուկյան» դաշինքում իսկապես անհամեմատ մեծ տոկոսների հույս են ունեցել ի սկզբանե եւ նրանց հույսերը չեն արդարացել: Բայց հազիվ թե նման հույսեր ունենային:

«Ծառուկյան» դաշինքը խայտառակության ուղիով

Այն, ինչ տեղի է ունենում հավաքած ձայների քանակով խորհրդարանական երկրորդ ուժի ներսում, պարզապես սկանդալ է, խայտառակություն: Մարդիկ ներկայացել են ԿԸՀ՝ բացատրելու, ապացուցելու, որ իրենք դիմում չեն գրել, իրենք չեն ցանկանում հրաժարվել մանդատից:

Դեռ խորհրդարան չմտած «Ծառուկյան» դաշինքը քանդվում է: Տեսնես Ս. Սարգսյանի ինչի՞ն էր պետք: Նրան երեւի թե ամենաքիչն է հետաքրքրում հիմա զարգացող բուռն իրադարձությունները: Նույնը երեւի թե Ծառուկյանին, ում ազգանվան տակ հավաքվել ու գործում էին այս մարդիկ:

Ս. Սարգսյանի համար կարեւորն իր իշխանության վերարտադրության ապահովումն է հարթ ճանապարհով, Ծառուկյանի համար՝ կանաչ լույսն իշխանությունների կողմից:

Դե իսկ ՀՀ քաղաքացիների համար, իհարկե, «լացելու» բան է, որ դաշինքը, որի ներսում նման զարգացումներ են ընթանում այսօր, ՀՀ քաղաքացիների ձայների թվով երկրորդ հեղինակավոր ուժն է:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ