Սիրիայում քաղաքացիական պատերազմը կշարունակվի․Երեւանը պետք է Թուրքիայի և սիրիական խմբավորումների ղեկավարների հետ քննարկի հայ համայնքի անվտանգության հարցը․Վարդանյան
Քաղաքագետը վերլուծելով Սիրիայում իրավիճակը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանում, ասում է՝ կցանկանա մեծացնել իր հզորությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում
Վերջին երկու շաբաթվա միջազգային գլխավոր քաղաքական իրադարձություններից մեկը Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումն էր։ Իրադարձությունները արագ են զարգանում՝ ընդդիմությունն ու ահաբեկչական խմբավորումները կարճ ժամանակում վերահսկողության տակ են վերցրել երկրի մեծ մասը։ Ավելի քան 50 տարի Ասադների դինաստիայի օրոք գոյություն ունեցող ռեժիմը տապալվեց 11 օրում։
Մեկնաբանելով Սիրիայում իրավիճակի վատթարացումը՝ քաղաքագետ Արմեն Վարդանյանը REGIONSTV-ին տված հարցազրույցում նշում է, որ ընդդիմությանը սատարող արտաքին ուժերի միջամտությունը և նոր ահաբեկչական խմբավորումների ի հայտ գալը սրեցին իրավիճակը Սիրիայում, ինչը հանգեցրեց Ասադի ռեժիմի տապալմանը։
Քաղաքագետի խոսքով․ «Սիրիայում իրավիճակի դեէսկալացիայի հարցը քննարկվել է Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Ըստ ծրագրի՝ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարական տար նոյեմբերի 27-ի երեկոյան, որից հետո մարտերը պետք է դադարեցվեին, և իշխանությունը փոխանցվեր անցումային կառավարությանը, իսկ մի քանի շաբաթ անց՝ ապստամբներին։ Այս ծրագիրը ենթադրում էր, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ազգային բանակը պետք է դառնար առաջատար ուժը, այլ ոչ թե «Հայաթ Թահրիր ալ-Շամը»։ Ծրագիրը ձախողվեց, քանի որ ապստամբները չէին ցանկանում զիջումների գնալ, այն ձախողվեց: «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ Ալ-Ջուլանին զգաց, որ Ասադը չափազանց թույլ է, և այժմ ժամանակն է օգտվել դրանից և տապալել նրան»:
Արմեն Վարդանյանն ընդգծեց, որ ապստամբների հարձակումը ցույց է տալիս, որ Բաշար ալ-Ասադը կորցնում էր Ռուսաստանի և Իրանի աջակցությունը, իսկ Թուրքիան շարունակում էր աջակցել խմբերին և ընդդիմությանը՝ քրդական հարցը լուծելու համար։
«Թուրքիան մտադիր է վերջնականապես լուծել քրդական կազմավորումների՝ YPG-ի և PKK-ի հարցը։ Այսօր տեղեկություններ են հայտնվել, որ Սիրիայի նոր ղեկավարությունը վերահսկողություն է հաստատել Մանբիջ քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսային մասում, որը բնակեցված է հիմնականում քրդերով։ Թուրքիայի նպատակը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պաքարն է, ինչպես նաև սիրիացի փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձին աջակցելը»,-ասաց Վարդանյանը:
Նշենք, որ Մանբիջ քաղաքում նախկինում եղել է ԱՄՆ 3 բազա, սակայն 2019 թվականի հոկտեմբերին ամերիկացիները լքել են քաղաքը, որից հետո այն հսկում էր ռուսական ռազմական ոստիկանությունը։ Այդպիսով, Անկարան հասավ իր ուզածին՝ վերահսկողություն վերցնել իր սահմանի երկայնքով ձգվող հատվածը։
Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան վաղուց էր ձգտում տապալել Ասադի ռեժիմը. Էրդողանը երազում էր նրան փոխարինել իր դրածոյով, և օգտվելով հարմար պահից՝ փայլուն կերպով իրագործեց այդ ծրագիրը․«Ռուսաստանը, ներգրավված լինելով ուկրաինական պատերազմում, կարողացավ համարժեք կերպով աջակցել Ասադին։ Կարևոր է ընդգծել, որ Սիրիան գործնականում փլուզվել է 2011 թվականի քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր, միլիոնավոր մարդիկ լքել են երկիրը: Հարկ է նաև նշել, որ Ասադի բանակը բարոյապես հյուծված էր, զինվորները հոգնել էին մշտական կռիվներից, հարյուր հազարավորները զոհվել էին, շատերը՝ վիրավորումներ ստացել։ Սիրիական բանակն, ըստ էության, հեշտությամբ զիջեց դիրքերը հակառակորդներին, որոնք հաջողությամբ հարձակվեցին և առաջ շարժվեցին ամբողջ Սիրիայում: Ասադը, այլընտրանք չունենալով, ստիպված եղավ իշխանությունը փոխանցել «նոր մարդկանց» և լքել երկիրը, քանի որ նրա բանակը կորցրել էր ողջ մարտունակությունը։ Իրանն առաջարկեց իր օգնությունը, սակայն Ասադը մերժեց։ Նա կարող էր շարունակել պայքարել, եթե իր բանակն ավելի ընդունակ լիներ, ուստի նա որոշեց խաղաղ ճանապարհով զիջել իշխանությունը»:
Վերլուծելով հետագա զարգացումները՝ Արմեն Վարդանյանը նշեց, որ Սիրիայում իրավիճակը շատ բուռն է ու անորոշ։
Նրա խոսքով՝ շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ապագայում․«Կարծում եմ՝ Սիրիան կմասնատվի և կբաժանվի 3 մասի՝ Թուրքիայի, ԱՄՆ-ի և մասամբ Իսրայելի միջև։ Հավանաբար, քրդերը կարող են պետություն ստեղծել Սիրիայի տարածքում, իսկ Թուրքիան՝ ինչ-որ քվազիպետություն։ Իմ կարծիքով՝ Ասադի՝ իշխանությունը «նոր իշխանություններին»՝ ահաբեկիչներին փոխանցելը չի փոխի իրավիճակը, Սիրիայում քաղաքացիական պատերազմը կշարունակվի»։
Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը՝ Արմեն Վարդանյանն ընդգծեց, որ ահաբեկչական խմբավորումները գործում են Անկարայի աջակցությամբ, իսկ ահաբեկիչների առաջնորդ ալ Ջուլանին գտնվում է նրա ազդեցության տակ։
Քաղաքագետի կարծիքով՝ «Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում ժամանակի ընթացքում անշուշտ կավելանա։ Հետաքրքիր է, որ Ասադը ձգտում էր զսպել թուրքական ազդեցության աճը սիրիական հողի վրա, սակայն նրա ջանքերն ապարդյուն էին:
Նա ասաց, որ Թուրքիան նոր հեռանկարներ է ձեռք բերում Մերձավոր Արևելքում և օգտագործելով ահաբեկչական կառույցները, վերջապես կկարողանա լուծել քրդական հարցը․«Այնուամենայնիվ, Սիրիայի քրդերը վայելում են Միացյալ Նահանգների զգալի աջակցությունը, հասանելիություն ունեն ԱՄՆ-ի զենքին և ֆինանսական ռեսուրսներին։ Շահերի այս բարդ խաղում ուժերի հարաբերակցությունը շարունակում է փոխվել, և տարածաշրջանի ապագան գնալով ավելի անկանխատեսելի է դառնում»:
Վարդանյանը նշեց, որ Բաշար ալ-Ասադը Իսրայելի թշնամին էր, Իսրայելն ամեն կերպ փորձում էր թուլացնել Սիրիան, որպեսզի այն դադարի նրա համար գլխացավանք լինել։ «Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունը Իրանի և Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման ուժերի դեմ Իսրայելի հարվածների արդյունքն է։ Նեթանյահուն հավելել է, որ «Իսրայելը ողջունում է Սիրիայում իշխանափոխությունը և կարծում է, որ դա նոր հնարավորություններ է ստեղծում իր համար»։ Իսրայելը թուլացրել է իր գլխավոր թշնամուն՝ Իրանին, որն արդեն կտրված է Լիբանանից և դառնում է մի փոքր ավելի քիչ վտանգավոր Իսրայելի համար։ Սակայն Իսրայելը մտավախություն ունի, թե ինչպես կզարգանան իրադարձություններն ապագայում, և որ «նոր մարդիկ» չեն դառնա Իսրայելի բարեկամ կամ դաշնակից: Կարծում եմ՝ նրանք թշնամական վերաբերմունք կունենան նաեւ Իսրայելի նկատմամբ»,- ասաց քաղաքագետը։
Ավելին, Վարդանյանը նշեց, որ հատկապես տագնապալի է, որ միջազգային ասպարեզում փորձում են նոր գաղափարներ ձեւավորել՝ քաղաքական դասավորվածությունների պատճառով որոշ երկրներ կարող են Սիրիայում իշխանության եկած խմբավորումը հանել ահաբեկիչների ցուցակից․«Այսպես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է սիրիական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու հնարավորությունը։ Իսկ Ռուսաստանում որոշ պետական լրատվամիջոցներ, հատկապես ՌԻԱ Նովոստին, ՏԱՍՍ-ը, Russia Today-ը, դադարեցրեցին նրանց անվանել «ահաբեկիչներ» և այժմ նրանց անվանում են «զինված ընդդիմություն», և դա կարող է լուրջ վտանգ ներկայացնել ողջ տարածաշրջանային կայունությանը»:
Բացի այդ, Արմեն Վարդանյանն ընդգծեց է, որ Սիրիայի ճգնաժամի արդյունքում Մերձավոր Արևելքում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է հանգեցնել խորը հետևանքների ոչ միայն բուն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի համար․«Եթե երկրում ստեղծվի կայուն և լեգիտիմ իշխանություն, դա անշուշտ կազդի հարևան պետությունների հետ հարաբերությունների վրա։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի վրա սիրիական իրադարձությունների ազդեցությանը, ապա Հարավային Կովկասը որպես կարեւոր աշխարհաքաղաքական տարածաշրջան անմասն չի մնա այդ գործընթացներից»։
Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան կցանկանա մեծացնել իր հզորությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում, սակայն այստեղ այլ իրավիճակ է և ուժերի այլ հարաբերակցություն. Թուրքիային հակակշռում են առաջին հերթին Արևմուտքն ու Իրանը, որոնք դեմ են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, և դիմակաելու են դրան»։
Սիրիայում հայ մեծ համայնք կա, նրանց անվտանգությանն անդրադառնալով Վարդանյանն ասաց՝ Երեւանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ եւ հնարավոր միջոցները, որպեսզի Սիրիայի այն հայերը, որոնք ուզում են գալ Հայաստան, տեղափոխումը կազմակերպի․«Իսկ նրանց հարցը, ովքեր չեն ցանկանում տեղափոխվել Հայաստան և ցանկանում են շարունակել ապրել Սիրիայում, Հայաստանը պետք է իրավիճակը քննարկի Թուրքիայի և սիրիական խմբավորումների ղեկավարների հետ։ Որքան գիտեմ, Սիրիայի հայ համայնքը և Հայոց թեմը նույնպես փորձում են համաձայնության գալ»։
Զաբելա Ավագյան