Գյումրիում փրամերիզին հաղթած Սարիկ Մինասյանը հավանաբար կանդամակցի ՔՊ-ին, ապա Գյումրիում արտահերթ ընտրություններին կգլխավորի ՔՊ նախընտրական ցուցակը
Ինքնառաջադրված 7 թեկնածուներից միայն մեկը՝ Սարիկ Մինասյանը, ՔՊ-ական չէ, ու նա էլ հաղթեց Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» անցկացրած նախնական ընտրություններում։
Գյումրիում անցկացված եռօրյա նախնական ընտրությունների արդյունքներով, ՔՊ-ական 6 թեկնածուների հետ մրցակցության դուրս եկած Սարիկ Մինասյանն ամենաշատ ձայներն է հավաքել։ Նա անկուսակցական է, բայց ՔՊ-ի թիմակիցը։ Նրա այս հաղթանակը «Քաղաքացիական պայմանագիրն» իրենն է համարում։
Սարիկ Մինասյանն արդեն Երևանում է, ամենայն հավանականությամբ կնշանակվի Գյումրու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի, նա ամենայն հավանականությամբ, կանդամակցի ՔՊ-ին ու կգլխավորի ՔՊ-ի նախընտրական ցուցակը Գյումրիում անցկացվելիք ՏԻՄ արտահերթ ընտրություններում։
Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ Սարիկ Մինասյանն, ամենայն հավանականությամբ, կանդամակցի ՔՊ-ին ու կգլխավորի ՔՊ-ի նախընտրական ցուցակը Գյումրիում անցկացվելիք ՏԻՄ արտահերթ ընտրություններում։
Չնայած Մինասյանն այժմ անկուսակցական է, սակայն նա 2018 թվականին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ընտրվել էր ԱԺ պատգամավոր։ Որոշ լրատմավիջոցներ գրում են, որ մինչ 2018 թվականը եղել է ակտիվ ՀՀԿ-ական։ Մամուլը նաև գրում է, որ Մինասյանը Շիրակի մարզի ԱԱԾ պետի քեռու որդին է։
Ի դեպ, 1050 բնակիչ է քվեարկել այս օրերին, Սարիկ Մինասյանը ստացել է 253 ձայն, ընդամենը 33-ով պակաս են ԱԺ պատգամավոր, Գյումրու համայնքապետի նախկին տեղակալ Դավիթ Առուշանյանի քվեները։ Իսկ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը, ում մինչ նախնական ընտրությունները իշխանությունն ուզում էր նշանակել Գյումրու համյանքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 143 ձայնով 3-րդ տեղում է։
Հարցին՝ ի՞նչ կլիներ, եթե առանց փրայմերիզի անցկացման, Կարեն Սարուխանյանը նշանակվեր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Արթուր Հովհաննիսյանը խուսափեց պատասխանել, ասաց՝ պետք չէ առաջնորդվել «եթե» -ներով։
«Մեր նպատակը այն չէր, որ հաղթի այս կամ այն թեկնածուն։ Եթե այդպես լիներ, ապա օրենսդրությամբ որևէ խոչընդոտ չկար, որ վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեր մեր կուսակցության անդամներից որևէ մեկին։ Բայց դա տեղի չունեցավ։ Մենք եկանք, հարցրեցինք գյումրեցիներին և կառաջնորդվենք գյումրեցիների ասածով։ Վարչապետը ինչպես որ խոստացել է, հաղթած թեկնածուին կնշանակի համայնքապետի ժամանակավոր պաշտանակատար։ ԵՎ հետո արդեն կշարժվենք առաջ, նոր քաղաքական գործընթացներով, և ուրեմն արդեն արտահերթ ընտրությունների ճանապարհով Գյումրիի կառավարումը կվերադարձնենք բնականոն հուն։ Արդեն իսկ վաղվանից ամեն ինչ կարվի, որ քաղաքապետարանի աշխատանքը կարգավորվի և ամանորին ընդառաջ, տոնական տրամադրություն լինի Գյումրիում»-ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Պատգամավորի կարծիքով՝ փրայմերիզը շատ օգտակար էր, նաև փորձառություն ու քննություն։
Ասաց՝ գործընթացի բոլոր դրական և բացասական արձանագրումները կքննարկվեն կուսակցությունում, հետևություններ կանեն հասկանալու համար մարդկանց տրամադրությունները թե՛ իրենց կուսակցության, թե՛ նաև թեկնածուների նկատմամբ։
«Ամեն դեպքում, բավականին բարդ էր հասկանալ, թե ինչպիսին կլինի ելքը։ Հաշվարկի ընթացքում էլ մեր գործընկերները Դավիթը Առուշանյան և Սարիկը Մինասյան, գրեթե հավասար պայքարի մեջ էին, ինչը շատ լավ ցուցիչ է, որովհետև նրանք երկուսն էլ առաջ են տանելու ՔՊ-ի գաղափարախոսությունը Գյումրիում առաջիկա քաղաքական գործընթացներում, և կարծում եմ, որ նրանց համատեղ աշխատանքը էլ ավելի մեծ արդյունքների կբերի։ Ես վստահ եմ, որ Գյումրիում եղած քաղաքական խնդիրների մեծ մասը կվերանան, օդիոզ որոշ դեմքերի ներկայությունը, նրանց դերակատարումը Գյումրիում, այս քաղաքական առողջ գործընթացներում, ըստ էության, պետք է հավասարեցվի 0-ի։ Այդ օդիոզ ուժերը միշտ էլ եղել են Գյումրիում, գաղտնիք չէ, ըստ էության, նման մարդկանց ներկայությունը։ Եվ ինչքան հասկացա, էս վերջերս, իրենց կարկառուն ներկայացուցիչը պսակ էր ջարդել Գյումրու եկեղեցում։ Ես չգիտեմ, սա ինչ բառերով կարելի է նկարագրել առհասարակ»,-ասաց պատգամավորը։
Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ նախնական ընտրությունների առաջին օրը այդ նույն օդիոզ խմբի ներկայացուցիչներն են փորձել խոչընդոտել շրջիկ խմբերից մեկի գործունեությունը․«Իրենց արարքի իրավական գնահատականը նրանք արդեն ստացել են»։
«Իհարկե, մենք գիտենք, ցավոք սրտի, որ Գյումրիում շատ են փակ դռները և սա ամենամեծ մարտահրավերն է լինելու Գյումրիում նոր քաղաքային իշխանության համար։ Մարտահրավեր է նաև նախորդ ՏԻՄ ընտրություններին գյումրեցիների ցածր մասնակցությունը։ Մեր քաղաքական ուժը այս ուղղությամբ ևս աշխատանքներ կտանի մարդկանց քաղաքական հետաքրքրվածությունն ավելի մեծացնելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։
Այս նախնական ընտրությունների 1050 քվեաթերթիկից 34-ն անվավեր է եղել։ Հովհաննիսյանն ասաց՝ դրանց վրա ինչ-որ տեքստեր չեն եղել, եղել են ջնջումներ, կամ դատարկ քվեաթերքթկ է եղել, ըստ էության մարդիկ են եղել, որոնք արձանագրել են իրենց կարծիքը, որ չեն ուզում մասնակցեն գործընթացին, ինչպես որ սովորական ընտրական գործընթացին է լինում»։
Հարցին՝ հնարավո՞ր է մարզպետի փոփոխություն, Հովհաննիսյանն ասաց՝ նման հարցի այս պահին չեմ կարող պատասխանել, նման որևէ գործընթաց այս պահին գոյություն չունի, դրա։
Կարինե Կազարովա