Ո՞վ է «ստիպել» Ասլանյանին հետ կանգնել իր որոշումից
Առավոտյան Factor.am–ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ մեկ ամսով դադարեցնում է խմբակցությանն անդամակցությունը՝ պայմանավորված Հովիկ Աղազարյանի հետ կապված գործընթացներով։ Օրվա վերջում Ասլանյանը, կարծես, փոշմանել է, կամ նրան «ստիպել են» փոշմանել։ Այս եզրակացությանը կարելի է հանգել նրա ֆեյսբուքյան հրապարակումից։ Ասլանյանը նամակագրություն է հրապարակել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Դրանից պարզ է դառնում, որ Հայրապետյանը ուղարկել է Ասլանյանի հարցազրույցի հղումն ու գրել. «Իսկապե՞ս նման բան եք ասել»։ Այդպես էլ պատասխան չստանալով, Հայարապետյանը ուղարկել է հավանաբար Հակոբ Ասլանյանի՝ իրենց ակնկալած պատասխանը, որով Ասլանյանը, ըստ էության, հրաժարվում է առավոտյան արած հայտարարությունից։
Ուշագրավ է, որ Ասլանյանը նույն գրառումը երկու անգամ է հրապարակել. առաջին տարբերակում պարզ երևում է, որ Մխիթար Հայրապետյանը հենց ինքն է պատասխանը գրել, իսկ երկրորդ տարբերակում երևում է միայն հաղորդագրությունը՝ առանց Հայրապետյանի ֆեյսբուքյան էջի անվան։
Ի դեպ, առաջին տարբերակում, ներքևի հատվածում հստակ երևում է, որ Մխիթարյանը ևս մեկ սքրինշոթ է ուղարկել, որի բովանդակությունը, սակայն, չի երևում։