Գյումրիի ավագանու նիստին մասնակցում էին մեղադրյալի կարգավիճակ ունեցող ՔՊ-ական 2 անդամները | Region

Գյումրիի ավագանու նիստին մասնակցում էին մեղադրյալի կարգավիճակ ունեցող ՔՊ-ական 2 անդամները

Դեկտեմբեր 14,2023 21:04

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից քաղաքի կառավարման կոալիցիոն հուշագրի խզումից հետո կայացավ Գյումրիի ավագանու առաջին նիստը: 2 տարվա մեջ ավագանու թերևս եզակի նիստերից էր, որն անցավ ՔՊ-ականների ակտիվությամբ: Նրանք ավագանիում իրենց ընդդիմադիր ուժ չեն համարում, բայց 2 տարվա լռությունից հետո որոշել էին ակտիվ քննարկում ծավալել օրակարգային գրեթե բոլոր հարցերի շուրջ:

Ավագանու այս նիստին ներկա էին նաև ավագանու ՔՊ-ական անդամներ Աղասի Մաթևոսյանը և Երվանդ Խանամիրյանը, որոնք մեղադրյալի կարգավիճակում  են ամիսներ առաջ Գյումրիում տեղի ունեցած աղմկոտ իրադարձության գործով:

Դատական տեղեկատվական կայքի համաձայն, Աղասի Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այլ անձանց հետ ավազակություն կատարելու դիտավորությամբ, բռնությամբ և բռնություն գործադրելու սպառնալիքով ՌԴ քաղաքացիներից հափշտակել է գումար, անձնագրեր և հեռախոս։

Իսկ Երվանդ Խանամիրյանը, ըստ մեղադրական եզրակացության, վիճաբանություն է ունեցել 50-ամյա բնակչի հետ՝ տան վերանորոգման աշխատանքների և շինանյութ գողանալու հարցի շուրջ, որի ընթացքում, իր երկու մտերիմների ներկայությամբ, տուժողի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակել է, թքել նրա դեմքին, գցել շան ճաղապատ բույնը, շանը հարձակվելու հրահանգ տվել, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է նրա վրա, որից հետո, ատրճանակով կրակել շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով նրան հրազենային վնասվածք:

Այս տարվա մայիսին դատարանը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ  Երվանդ Խանամիրյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը՝ 2 միլիոն դրամ գրավի դիմաց։

Այս ամենից հետո ավագանու ՔՊ-ական 2 անդամները շարունակում են իրենց գործունեությունը Գյումրիի օրենսդիր մարմնում:

Այսօրվա նիստին Գյումրիի ավագանու անդամները դարձյալ խոսեցին այն նույն խնդիրներից, որոնց 1 տարի առաջ խոստացել էին լուծում տալ: Խոսքը, մասնավորապես, սոցիալապես անապահով անձանց դրամական հատկացումներ տրամադրելու մասին է: Անցած տարի, նշել էին, որ 10.000-ական դրամներ հատկացնելով, մարդկանց  խնդիրները չեն լուծում, անհրաժեշտ է աշխատանքային խումբ ստեղծել, որն ավելի խորը կուսումնասիրի դիմողների կարիքները և նրանց ավելի շատ գումար կտրամադրի:

1 տարի ոչինչ չի արվել: Խնդիրը նորից բարձրաձայնեց ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը: Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հատաքրքրվեց, թե ի՞նչն է խանգարում, որ այստեղ հայտարարում են, բայց հետո չեն գալիս այդ մասին իր հետ խոսելու:

«Ստվերային կառավարումը»,-հնչեց դահլիճից Վարդևան Հակոբյանի ձայնը: Այս բառերը ավագանու նիստում այլ կատակների տեղիք նույնպես տվեցին:

Կարինե Կազարովա

Նորություններ