Գյումրիի կառավարման կոալիցիոն հուշագիրը միակողմանի խզելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Բալասանյան դաշինքին» մեղադրեց ստվերային կառավարման մեջ՝ հայտնելով, որ հենց ստվերային կառավարման պատճառով է նաև, որ ՔՊ-ն 2 տարում չի կարողացել իրականացնել իր ծրագրերն ու նախագծերը, որոնք ի սկզբանե պատկերացնում էր: ՔՊ-ականները այս մասին բարձրաձայնեցին, բայց չմանրամասնեցին, թե ինչը ի նկատի ունեն: Նրանց փոխարեն դատախազություն հաղորդում տվեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ստվերային կառավարման մասին ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց. կատակի տվեց. «Ամեն մարդ օր շողքի տակ երևա, իրա ստվերը կտեսնի»:
Նա ընդամենը նշեց, որ հիմա փորձելու են ավելի լավ աշխատել, աշխատանքային են տրամադրված, որպեսզի կարողանան օր առաջ լուծել քաղաքի առջև ծառացած հիմնախնդիրները: Ակնկալում է նաև լրագրողների օգնությունն այդ հարցում, որպեսզի օբյեկտիվ գնահատական տրվի բոլորի աշխատանքին:
Քաղաքապետի 2 տեղակալ ՔՊ-ականները հեռացել են, նրանց հետ նաև քաղաքապետարանի 34 աշխատակից: Այս մասին հայտնեց Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը: Այն հարցին, թե արդյո՞ք ճգնաժամ չկա քաղաքապետարանում, նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ, ես ճգնաժամի ազդակներ չեմ տեսել, կարծում եմ, որ «Բալասանյան դաշինքը» իսկապես պիտի քայլեր ձեռնարկի, որ կառավարման ճգնաժամ չլինի»:
«Ամբողջը վերցրել, ծանր տանում եմ առաջ, դրա համար ամեն մի րոպեն իմ համար թանկ է»,-նշեց Վարդգես Սամսոնյանը:
Թե երբ քաղաքապետի տեղակալների թափուր պաշտոնները կհամալրվեն, և ովքեր կլինեն նրա նոր տեղակալները, դեռ պարզ չէ, ասաց՝ քննարկում են:
Իսկ ինչքանո՞վ է հավանական հրաժարական ներկայացնելը: Պատասխանեց. «Քաղաքի բնակիչներն են ինձ տվել մանդատը, իրենք էլ հետ կվերցնեն»:
Քաղաքապետը նաև հավելեց, որ շատ լավ աշխատում են կառավարության հետ, սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում պետբյուջեի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ:
Կարինե Կազարովա