Երասխի գործարանը կտեղափոխվի Արարատ գյուղ. Կառավարության որոշումը | Region

Երասխի գործարանը կտեղափոխվի Արարատ գյուղ. Կառավարության որոշումը

Դեկտեմբեր 14,2023 21:23

Երասխի մետալուրգիական գործարանը, որը պարբերաբար ադրբեջանական կողմի կրակի տակ էր, կտեղափոխվի ու կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում: Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց այսօրվա իր նիստում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս տարածաշրջանում առկա է ամրանների մեծ պահանջարկ և, ըստ հաշվարկների, այն կպահպանվի ևս 10-15 տարի, որը պայմանավորված է թե՛ Հայաստանում շինարարության մեծ ծավալներով, թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մատակարարման ծավալների կտրուկ անկմամբ:

Գործարանի տեղակայման համար կատարել են ուսումնասիրություններ և ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը։

Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240)։  Գործարանը կունենա 200-250մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն):

Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով։

«ՀՀ կառավարությունից ակնկալում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ, առանձնացնում ենք հետևյալ խնդիրը՝ 8․91000 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայքում»,- ասվում է հիմնավորման մեջ։

Նորություններ