«Ընտրությունների միջոցով իշխանությունը չի կարող փոխվել. խնդիրը նոր գաղափարների շուրջը հանրության ինքնակազմակերպվելն է» | Region

«Ընտրությունների միջոցով իշխանությունը չի կարող փոխվել. խնդիրը նոր գաղափարների շուրջը հանրության ինքնակազմակերպվելն է»

Հոկտեմբեր 25,2016 11:30

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

—Պարոն Դանիելյան, ՀՀ—ում ստեղծված ներքաղաքական իրավիճակին ի՞նչ ընդհանուր բնորոշում ունեք:

-Ընդհանուր բնորոշումներ տալն ամենադժվար գործն է: Կարելի է կարճ ասել. պետությունը զավթված է: Ի՞նչ է նշանակում ընտրությունների կեղծում՝ դա հենց պետության զավթում է նշանակում, և այդ հանցագործությունը սկսվել է 1995 թվականին և մինչ այժմ շարունակվում է, որին մասնակցել և շարունակում են մասնակցել տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ, որոնք այսօր հանրությանը ներկայանում են որպես ընդդիմադիրներ:

— Պարոն Դանիելյան, արդեն երեք շաբաթ շարունակ հանրությունը զուգահեռաբար երկու թեմա է քննարկում՝ ՏԻՄ ընտրություններ և նոր կառավարություն: Այն, որ ընտրությունները Հայաստանում տարիներ շարունակ կեղծվել են, սա հայտնի իրողություն է: Սակայն ՏԻՄ ընտրությունները ՀՀ երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, հույսի տեղ էին թողնում, որ «ընդդիմադիրի» համբավ վայելող քաղաքներում ընտրությունը կարող էր այլ պատկեր ուրվագծել, սակայն ընդհանուր առմամբ հատկապես Գյումրիում ընդդիմությունը պարտվեց: Ինչո՞ւ այդպես եղավ՝ ըստ Ձեզ:

-ՏԻՄ ընտրությունները խորհրդարանական ընտրությունների և նոր Ընտրական օրենսգրքի գլխավոր փորձարկումն էր, և իշխող խմբավորումը պետք է որ գոհ լինի արդյունքներից: Պատահական չէր, որ ԸՕ-ում փոփոխություններին նվիրված նիստը հետաձգեցին մինչև ՏԻՄ ընտրությունների կայանալը, որպեսզի տեսնեն, թե ինչպես է այն աշխատում: Առաջին արդյունքը՝ կարելի է ընտրություններ հաղթել առանց հաղթելու՝ այսինքն ստանալ բոնուսներ, ինչպես դա տեղի ունեցավ Գյումրիում, և կարելի է հայտնի «ընդդիմադիրների» ձայները ստանալ իշխանության ներկայացուցչի համար, ինչպես դա տեղի ունեցավ Վանաձորում: Պահեստում է մյուս գործիքը՝ «ընդդիմադիրների» հետ կոալիցիա կազմելու մեխանիզմը՝ հանուն կայուն մեծամասնության: Նաև, ըստ էության, լիգիտիմացավ ընտրակաշառքների մեխանիզմը՝ անգամ հանրային գիտակցության մեջ: Այսպիսով գործող իշխող խումբը մի քանի կարևոր արդյունքներ արձանագրեց՝ առանց մեծ ծախսերի անցկացնել ընտրությունները և լեգիտիմանալ. ոչ ոք չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, և, ըստ էության, չարձանագրվեցին կոպիտ ընտրախախտումներ՝ ընտրատուփերի գողություններ, ծեծուջարդ և այլն:

— Պարոն Դանիելյան, զուգահեռ ձևավորվեց նոր կառավարությունը: ՀՀ կառավարության նոր ղեկավարը ներկայացրեց իր ծրագիրը, հանդես է գալիս առերևույթ ցուցադրական գործողություններով, հայտարարություններով: Ի՞նչ սցենարի բաղկացուցիչ մաս էր ՀՀ նոր կառավարությունը:

-Իմ կարծիքով նոր կառավարությամբ անցում է կատարվում դեպի ճգնաժամային կառավարում, որն առաջին հերթին պայմանավորված է տնտեսության վիճակով, նաև մեծ դեր կատարեց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հանրության պահվածքը՝ Սասնա ծռերին ընկալելով որպես հերոսներ, ինչը շատ լուրջ ահազանգ էր առ այն, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իշխանությանը: Մյուս կարևոր պատճառը սահմանադրական փոփոխություններն են. անցում է կատարվում կառավարման նոր ֆորմատի, և պահանջ էր առաջացել նվազեցնել կրիմինալի ազդեցությունը: Այսինքն օլիգարխիան պետք է նվազեցներ իր կախվածությունը կրիմինալից և տեղական ֆեոդալներից, որպեսզի պառլամենտական կառավարման պայմաններում նրանք չկարողանային թելադրել իրենց կամքը գլխավոր արբիտրի՝ ընտրված նախագահի բացակայության պայմաններում: Նաև դեր ուներ ներդրումների խնդիրը՝ նոր կառավարության քաղաքականությունը պետք է երաշխիք հանդիսանա ներդրումների համար, ինչպես նաև բավարարել միջազգային հանրության պահանջը՝ հակակոռուպցիոն համակարգային փոփոխություններ իրականացնելը:

—Պարոն Դանիելյան, այո, օլիգարխիան պետք է նվազեցներ իր կախվածությունը կրիմինալից և տեղական ֆեոդալներից, սակայն միևնույն ժամանակ նույն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ իշխանությունը բացառապես հենվելու է տեղական ֆեոդալների ու իշխանիկների վրա՝ իր հաջողությունն ապահովելու համար:

Եվ հարցս. ի՞նչ ակնկալիք ունեք ՀՀ նոր կառավարությունից:

-Կառավարությունը, բնականաբար, ունի կախվածություն ՀՀԿ-ից և Սերժ Սարգսյանից և ինքնուրույն որոշումներ կարող է կայացնել այն սահմաններում, որոնք թույլատրում է Սերժ Սարգսյանը: Քաղաքական լուրջ որոշումներ ընդունելու լիազորություններ և իրավունքներ կառավարությունը չունի: Նա ընդամենը հրավիրված «մենեջեր» է և չի կայացել որպես քաղաքական գործիչ, իսկ հիմնական խնդիրները քաղաքական հարթության մեջ են գտնվում:

—Պարոն Դանիելյան, հասկանալի է, որ «մենեջեր» Կ. Կարապետյանին ՀՀ վարչապետ հրավիրելու հիմնական իմաստը երկրում առկա պայթյունավտանգ իրավիճակը մեղմելու նպատակ ուներ: Ըստ Ձեզ, 6 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը կկարողանա՞ այնպիսի «կոսմետիկ նորոգումներ» անել երկրում, որը հույս կարթնացնի ՀՀ քաղաքացու մոտ, թե իշխանությունը «բարեփոխվում է»:

-Ինչ-որ փոփոխություններ հնարավոր է անել, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ զիջումների գնա հարկային և մաքսային ոլորտներում, հնարավոր է այլ ոլորտներում ևս, և բնականաբար դա որոշակի հույսեր մարդկանց մոտ կարթնացնի, սակայն հիմնախնդիրները դրանք չեն:

—Հասկանալի է, որ ՀՀ իշխանությունները նպատակադրված չեն հիմնախնդիրները լուծելու, ավելին, հիմնախնդիրը հենց իշխանությունն է: Սակայն այսօր իշխանությունը պատրաստվում է դարձյալ վերարտադրության: Կհաջողի՞:

-Բնականաբար պատրաստվում է, դա իրենց կյանքի հարցն է: Իհարկե կհաջողվի, ինչպես Վանաձորում և Գյումրիում, եթե մենք շարունակենք նույն ձևով գործել և մտածել:

—Պարոն Դանիելյան, ընդդիմությունը հայտարարում է իշխանափոխության մասին: «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց պայքարի նոր փուլ սկսելու մասին, մյուս կողմից իշխանափոխություն իրականացնելու մասին հայտարարություն տարածեց ՀԱԿ—ը՝ հայտարարելով, որ պատրաստ է համագործակցության բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխության:

Ո՞րն է ճիշտ ուղին , ըստ Ձեզ, ո՞րն է ավելի իրատեսական իշխանափոխության սցենարը: Եվ ի՞նչ ճանապարհով պետք է շարժվել ու գործել իշխանության վերարտադրությունը կանխելու համար:

-Ընդդիմության խնդիրը մարդկանց ընտրատեղամասեր տանելն է և դրանով դեր ստանալը գործող համակարգում: Իմ կարծիքով ընտրությունների միջոցով իշխանությունը չի կարող փոխվել, և առհասարակ «իշխանափոխությունը» կեղծ կատեգորիա է: Խնդիրը դա չէ: Խնդիրը նոր գաղափարների շուրջը հանրության ինքնակազմակերպվելն է՝ առանց կուսակցական ֆորմատների:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ