«Արցախը չէր ճանաչվել ՀՀ կողմից Ադրբեջանի մաս նախքան 2022-2023 թվականները»․Բաղունցի արձագանքը Ֆրանսիայի դեսպանի հայտարարությանը | Region

«Արցախը չէր ճանաչվել ՀՀ կողմից Ադրբեջանի մաս նախքան 2022-2023 թվականները»․Բաղունցի արձագանքը Ֆրանսիայի դեսպանի հայտարարությանը

Փետրվար 26,2025 12:14

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցն արձագանքելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությանը՝ «ՀՀ-ն էլ ընդունել է,  որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից», ասում է՝մինչև 2023 թվականը Արցախի կարգավիճակը համարվել է հակամարտության հիմնական չլուծված հարցերից մեկը

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Ռադիոլուրին» տված հարցազրույցում արած հայտարարությանը։

Հիշեցնենք, դեսպանը «Ռադիոլուրին» տված հարցազրույցում  ստախոս է անվանել  նրանց, ովքեր պնդում են, թե Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում․«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը»:

Գագիկ Բաղունցը այս առնչությամբ  գրել է․« Կուզեի մի քանի շեշտադրում կատարել դրանց վերաբերյալ: Առաջին, ողջունելի է պարոն դեսպանի հերթական անդրադարձը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին՝ հղում տալով Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշմանը: Այո, դա պարտավորություն է միջազգային հանրության համար, և Ֆրանսիան ու Հայաստանը նույնպես կրում են այդ պարտավորությունների կատարման պատասխանատվությունը: Երկրորդ, Արցախը չէր ճանաչվել ՀՀ կողմից Ադրբեջանի մաս նախքան 2022-2023թթ., այլ Արցախի կարգավիճակը համարվել է հակամարտության հիմնական չլուծված հարցերից մեկը: Դա են վկայում թե՛ Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ պաշտոնական վերապահումները, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (այդ թվում՝ Ֆրանսիայի) ու միջազգային հանրության այլ ներկայացուցիչների կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ակտերը: Ուստի, պետք է ընդունել փաստը, որ 2022-2023թթ. փոխվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Ալմա-Աթայի հռչակագրի, հետևաբար՝ նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ»:

Նորություններ