ՔՊ-ի՝ 2018-ից մինչեւ օրս կազմակերպած ընտրությունների արդյունքները հետագայում վիճարկման առարկա չեն եղել․ Գյումրու ընտրություններն էլ այս տրամաբանության մեջ են լինելու․Խուդաթյան | Region

ՔՊ-ի՝ 2018-ից մինչեւ օրս կազմակերպած ընտրությունների արդյունքները հետագայում վիճարկման առարկա չեն եղել․ Գյումրու ընտրություններն էլ այս տրամաբանության մեջ են լինելու․Խուդաթյան

Փետրվար 27,2025 15:49

ՏԿԵ նախարարը վստահեցնում է՝ ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառման որեւէ դեպք նախորդ տարիներին ՔՊ իշխանության օրոք չի եղել, Գյումրու ու Փարաքարի ընտրություններն էլ նույն տրամաբանությամբ են լինելու

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե ՔՊ-ն չի հաշտվում ՏԻՄ-երում իր պարտության հետ ու փորձում է հաղթած ուժերից իշխանությունը վերցնել՝ ինչպես Գյումրիում, Վանաձորում, Փարաքարում, ասաց՝  Գյումրիում քաղաքային իշխանությունը հրաժարվեց իրականացնել իր գործառույթները։

Նախարարի խոսքով՝ Գյումրիում եւ հանրապետության այլ համայնքներում սկսվել է գործընթաց, որով համայնքային հողատարածքները, շինությունները, որոնք օրենքի խախտմամբ են օտարվել, վերադարձվում են համայնքին։

«Այդտեղ համայնքի ավագանին նույնպես որոշակի գործառույթ ունի իրականացնելու, մասնավորապես, ինքը պիտի լիազորի համայնքի անունից հանդես գալ հետագա պրոցեսներում։ Եվ սա, կարծում եմ, ապօրինի օտարված գույքի հետվերադարձը կանխելուն միտված քայլ էր, ինչը ձախողվել է։ Գյումրիում արդեն ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմամբ անիշխանության վիճակը հանգուցալուծվել է, եւ առաջիկա ՏԻՄ ընտրությունները ամբողջովին կհանգուցալուծեն Գյումրիի շուրջ եղած իրավիճակը»,-ասաց Դավիթ Խուդաթյանը։

Մարտի 30-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ են, արդեն մի քանի ուժեր և գործիչներ հայտնել են, որ  առաջադրվելու են այդ ընտրություններին։ ՔՊ-ից Գյումրու քաղաքապետի թեկնածուն այժմ Գյումրու քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանն է։

Լրագրողների հարցին՝ իշխանությունը մտավախություն չո՞ւնի, որ ընտրությունների արդյունքում Սարիկ Մինասյանը չի հաղթի, կարո՞ղ են երաշխավորել, որ վարչական ռեսուրսի կիրառում տեղի չի ունենա Գյումրիում, Խուդաթյանը պատասխանեց․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2018 թվականից մինչեւ օրս ընտրությունները կազմակերպել է այնպես, որ դրա արդյունքները հետագայում վիճարկման առարկա չեն եղել։ Եվ վստահ եմ, որ Գյումրիի ընտրությունները եւս այս տրամաբանության մեջ են կազմակերպվելու։ Վարչական ռեսուրսի կիրառման որեւէ դեպք նախորդ տարիներին մեր իշխանության օրոք չի եղել»։

Նորություններ